«Այսօրվա դրությամբ Գոռի նման երգիչները կարող են հաղթանակ տուն բերել». Իվետա Մուկուչյան
Մինչ հայկական լրատվամիջոցներն ակտիվ քննարկում էին, թե շվեդական Մալմյո քաղաքում տեղի ունենալիք «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանն ո՞վ է ներկայացնելու, Հանրային հեռուստաընկերությունը երեկ հայտարարեց, որ այս տարի Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը։ Համացանցում ակտիվ քննարկումներ ծավալվեցին, և կարծես թե այս անգամ հայ ազգը միահամուռ կողմ է երգչի ընտրության հարցում։
Այս կապակցությամբ Գոռի ֆեյսբուքյան էջում շնորհավորանքների տարափ է տեղում։ Գոռն էլ իր հերթին գրել է, որ «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնելու է «Դորիանս» խումբը։
Երգչին և «Դորիանս» խմբին ֆեյսբուքյան իրենց էջերում շնորհավորել են նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրտանց շնորհավորում եմ Գոռ Սուջյանին և մաղթում եմ նրան ուժ, հավատ և անսպառ ձայն։ Ճիշտն ասած՝ ես մտածում էի մասնակցելու ուղղությամբ, քանի որ շատ-շատ նամակներ ստացա և հասկացա, որ մեր երկրում կան մարդիկ (կապ չունի՝ շա՞տ, թե՞ քիչ), ովքեր տեսնում էին ինձ այդ դերում։ Բայց այսօր Գոռի վերաբերյալ մի քանի կարծիք կարդալով, հասկացա, որ ես չէի ուզենա նրա տեղը լինեի։ Ճիշտ է մենք երգիչ-երգչուհիներս ենք ընտրել կյանքի այս ճանապարհը և ստորագրել այն փաստի տակ, որ իրավունք ենք տալիս մարդկանց բարձրաձայն կարծիք հայտնել մեր մասին` գիտակցելով, որ այդ կարծիքները կարող են հնչել և ինտելեկտուալ ձևով, բայց նաև պրիմիտիվ. ուզողների և չուզողների կողմից, կյանքում կայացած մարդկանց կողմից և մարդկանցից, ովքեր դեռ չեն գտել իրենք այս կյանքում և այդ առումով վատաբանում են մյուսներին։
Մենք ինքներս ենք ընտրել այդ ուղին և երբեք չպետք է ծանր տանել այդ ամենը։ Բայց այս պահին ես դիմում եմ հիմնականում մյուս որոշ արտիստների ֆանատներին, ովքեր միայն իրենց կուռքին գնահատելով, վատաբանում են մյուս լավ, որակյալ և կիրթ երաժիշտ/երգիչ/երգչուհիներին։
Դա արդեն պրինցիպիալ քննադատություն է և ավելի շատ կողմնապահություն։ Որպես Եվրոպայում ապրած մարդ և այնտեղի բեմերում որոշ փորձ ունեցած երգչուհի` կարող եմ ասել, որ այնտեղ գնահատվում է անկեղծ հասարակը։ Միայն գլամուրով չես կարող այնտեղ շատ զարմացնել։ Ճիշտ է՝ գնահատում են, բայց այսօրվա դրությամբ Գոռի նման երգիչները կարող են հաղթանակ տուն բերել։ Հասարակ, շիտակ, տաղանդավոր երգիչ, ով անկեղծ ձևով ուղիղ կապ է ստեղծում իր և իր լսողների միջև։ Ես ավելի քան վստահում եմ, որ նա այս տարվա միակ ճիշտ ընտրությունն էր»։
Երգչուհի Սոֆի Մխեյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Գոռ Սուջյան ջան, ուրախ եմ քեզ համար, տաղանդավոր ընկեր։ Արժանի կներկայանանք անկասկած, կփայլես բեմում` դա էլ կասկած չունեմ։ Մենք քեզ հետ ենք»։
Հիշեցնենք, որ դեռևս պարզ չէ, թե «Եվրատեսիլ 2013»-ում «Դորիանսն» ինչ երգով հանդես կգա։ Հայտարարված է երգի մրցույթ, որին կարող են մասնակցել հեղինակներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ՝ արտերկրից: Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը: