Բաժիններ՝

Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին (տեսանյութ)

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավոսում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ամրիկյան CNN հեռուստաալիքի հայտնի լրագրող Ռիչարդ Կվեստին:

Հարցազրույցի ժամանակ Կվեստն Ալիևին հարցրել է, թե արդյոք British Petroleum (BP) ընկերությունը (որն ի դեպ արդեն իսկ սերտորեն կապված է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ) չի՞ օգտագործվում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է.

«BP-ն Ադրբեջանում գործունեություն է ծավալել գործնականում Ադրբեջանի անկախացումից ի վեր՝ 1994 թվականից: Մեր փոխհարաբերություններն ունեն գրեթե 20 տարվա պատմություն: Եվ դրանք եղել են բարեկամական, գործընկերային փոխհարաբերություններ: Ադրբեջանը շարունակելու է համագործակցել BP-ի հետ»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանում 1997 թվականից ի վեր առաջին անգամ գրանցվել է նավթի արդյունահանման, հետևաբար նաև դրանից ստացվող շահույթի անկում: Իլհամ Ալիևը շարունակ փորձում էր դրա ողջ պատասխանատվությունը բարդել ադրբեջանական «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» նավթահանքերի մշակմամբ զբաղվող BP-ի վրա, սակայն իրականում նավթի արդյունահանման անկումը համընկել է Ադրբեջանի պետական պլանի հետ:

Վերջինիս համաձայն, Ադրբեջանում գնալով մեծացվել է նավթի արդյունահանման ծավալը, որը 2-3 տարի առաջ հասցվեց իր գագաթնակետին, ինչին  բնականաբար պետք է հաջորդեր անկումը: Այդ տարիներին նավթի արդյունահանման ծավալի աննախադեպ մեծացումից ամենուրեք հպարտացող Իլհամ Ալիևը, ով որպես քավության նոխազ ընտրեց BP-ն, պետք է որ լավ գիտակցի այդ ամենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս