«Սա առաջին դեպքը չէ, երբ տարօրինակ թեկնածուներ ենք ունենում».Ս.Սաֆարյան
«Ակնհայտ է,որ նախագահական ընտրություններն ընկալվում են երկու հիմնական թեկնածուների առանցքում: Իրականության մեջ երկու բևեռ է ձևավորում. դա գործող նախագահի բևեռն է և Րաֆֆի Հովհաննիսյանի, ավելի ճիշտ՝ ընդդիմադիր քաղաքացու բևեռը: Ժամանանակի ընթացքում ուժերի վերաբաշխում կգնա, և մենք հույս ունենք, որ ճիշտ քարոզարշավի և մարտավարության արդյունքում կունենանք որակապես փոխված իրավիճակ և հաղթանակի հնարավորություն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Նա Րաֆֆի Հովհաննիսյանի երկօրյա քարոզարշավը գնահատեց բավական հաջող: Ստեփան Սաֆարյանի խոսքերով, որոշ քաղաքական ուժերի չմասնակցության արդյունքում հասարակության մեջ ակտիվության պակաս կար, սակայն օրեցօր ակտիվությունն աճում է, մարդկանց հետաքրքրությունը մեծանում է: Անդրադառնալով նախագահի այլ թեկնածուների կողմից միասնական ինքնաբացարկ հայտնելու կոչերին՝ կուսակցության գլխավոր քարտուղարը նշեց, որ իր համար առնվազն տարօրինակ է թեկնածուների նման պահվածքը:
«Տպավորություն է, որ որոշ թեկնածուներ առաջադրվել են մյուս թեկնածուներին ինչ-որ բան պարտադրելու համար: Չի կարելի առաջադրվել և փորձել պարտադրել մյուսներին ռազմավարություն, որոշակի պահվածք այն պարագայում, որ ոչ միայն դա անհեռանկար է, այլ նաև պարզապես ճիշտ չէ: Ինձ համար տարօրինակ է, որ թեկնածուներից մեկն ասում է, որ պահանջ չունի իշխանության թեկնածուից, բայց պահանջ ունի մյուս թեկնածուներից»,-հայտարարեց Ստեփան Սաֆարյանը:
Նրա կարծիքով, միշտ էլ հնարավոր է չմասնակցելու հիմքեր կարելի է գտնել՝ դատելով նախորդ ընտրություններից, բայց քաղաքական ուժի հիմնական խնդիրն է փոխել, ոչ թե արձանագրել իրավիճակը: Բայց մյուս կողմից, Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, ավելի հասկանալի է այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք որոշեցին թեկնածու չունենալ և որևէ թեկնածուի չսատարել, քան առաջադրվել և պարտադրել բոլորին դուրս գալ ընտրապայքարից:
Կուսակցության գլխավոր քարտուղարը նշեց, որ նման թեկնածուները պարզապես հասկանում են, որ հաղթելու հույս չունեն, ընտրողն իրենց չի վստահում և այսպիսի եղանակների են դիմում: Նրա խոսքերով, եթե մինչև սահմանված ժամկետը այդ թեկնածուներն ինքնաբացարկ չհայտնեն՝ ընտրագրավը ստանալու համար, նշանակում է, որ գումարն իրենցը չէ: Ստեփան Սաֆարյանը, սակայն, թեկնածուների նման պահվածքից չի զարմանում:
«Հայաստանյան ընտրությունների ժամանակ այլևս զարմանալ պետք չէ, սա առաջին դեպքը չէ, երբ տարօրինակ թեկնածուներ ենք ունենում»,-նշեց Ստեփան Սաֆարյանը: