
Դեդ Հասանից վրեժխնդիր են եղել Յապոնչիկի սպանության համար

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ կրիմինալ հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը հանդիսացել է մեկ այլ կրիմինալ հեղինակության՝ Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության վրեժխնդրության հետևանք: Հետաքննությունը «սլավոնական» հետք է որոնում Դեդ Հասանի սպանության գործում:
Տվյալ վարկածի համաձայն, Ուսոյանի հետ հաշվեհարդար են տեսել Ալեքսեյ Սուվորովի գլխավորած ազդեցիկ «օրենքով գողերը»: Սուվորովը նման կերպ վրեժխնդիր է եղել երեք տարի առաջ իրականացված Յապոնչիկի սպանության համար: Մի շարք «օրինաճանաչներ» կարծում են, որ Յապոնչիկի սպանության հետևում կարող է կանգնած լինել Դեդ Հասանը:
Իրավապահներն ընդգծում են, որ Դեդ Հասանի սպանության գործում աչք է զարնում մեկ հետաքրքիր դետալ. սլավոնական «օրենքով գողերը» փաստացիորեն անտեսել են Ուսոյանի մահը և ներկա չեն գտնվել ո՛չ նրա հոգեհանգստին, ո՛չ էլ նրա հուղարկավորմանը: Դեդ Հասանին հրաժեշտ տվածների մեծ մասը եղել են կովկասցիները, որոնք Մոսկվա են եկել ողջ Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանը Մոսկվայում սպանվել է այս տարվա հունվարի 16-ին: