Արդյո՞ք կարմիր գույնը պատահականություն է

Ես քաղաքական գործիչ եմ, որն իր առջև դրել է նպատակ՝ վերջ տալ կեղծ, շինծու ընտրություններին: Նպատակին հասնելու համար ես ընտրել եմ պայքարի ձևերից մեկը՝ հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով, արդեն երեք օր է` հացադուլ է հայտարարել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց:

Անդրիաս Ղուկասյանը պնդում է, որ հացադուլի միջոցով ինքը ոչ թե ցանկանում է աչքի ընկնել՝ որպես նախագահի թեկնածու, այլ՝ որպես անհատ, ով մեծ նպատակ ունի վերջ տալ ընտրությունների կեղծ անցկացմանը: «Ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել երկրի ղեկավարման ծանրությունը, բայց նախագահ դառնալու ճանապարհին պետք է վերջ տալ ընտրակեղծիքներին: Ես պայքարում եմ հանուն նրա, որ հանրությունն ազատ ընտրելու հնարավորություն ձեռք բերի: Անկախ նրանից, թե թեկնածուներից ում կընտրի ժողովուրդը, նա պետք է ընտրված լինի ազատ ընտրությունների ճանապարհով, և ոչ հարկադրաբար կամ այլ ազդեցությունների ճնշումով»,- ասաց նա:

Երեկ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանն և Արամ Հարությունյանը հայտարարել էին հացադուլին միանալու՝ իրենց մտադրության մասին:

«Հիմա ես մտածում եմ, եթե Անդրիաս Ղուկասյանը երկար պահի, համերաշխելով իր հետ, ես մի քանի օրով իրեն կմիանամ, որպեսզի իրեն համոզեմ, որ միասին էլ ընդհատենք, բայց պայքարը շարունակենք»,- հայտարարել էր Պարույր Հայրիկյանը:

Կարդացեք նաև

168.am-ը Ա. Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերվում է Պ. Հայրիկյանի այս հայտարարությանը: «Հացադուլը ծայրահեղ պայքար է: Ես կոչ չեմ կարող անել ինձ միանալու կամ չմիանալու մասին: Իհարկե, շնորհակալ կլինեմ, որ միանան»,- ասաց Ղուկասյանը:

Նախագահի թեկնածուն վստահեցրեց, որ չի շնորհավորի առաջադրված թեկնածուներից և ոչ մեկի հաղթանակը, մասնավորապես՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանինը: «Ես առ այսօր չեմ ճանաչում իշխող կուսակցության իրավունքը՝ իր թեկնածուով հանդես գալ այս ընտրություններին, բնականաբար, չեմ շնորհավորի նրա հաղթանակը: Համարում եմ, որ այդ կուսակցությունը ոտնահարում է հանրության բարձրագույն շահը՝ ազատ ընտրություն կատարելու իրավունքը: Շնորհավորելու մասին խոսք լինել չի կարող»,- շեշտեց նա:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց նաև, որ հացադուլից կհրաժարվի միայն այն դեպքերում, երբ իր կողմից առաջադրված պահանջները բավարարվեն և երբ միջազգային հանրությունը հաստատի, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ, իսկ նախագահական ընտրություններն էլ կեղծիքներով են անցել:

Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ձեր քարոզարշավի ընթացքում անգամ հագուստի մեջ իշխող կարմիր գույնը (հացադուլի ժամանակ էլ թեկնածուի հագին կարմիր բաճկոն է, նրա պաստառների վրա արված գրությունը՝ նույնպես կարմիր գույնով է, կարմիր գույնն ընդգծված է նաև թեկնածուի նախընտրական տեսահոլովակում), արդյո՞ք կարմիրը խորհրդանշական գույն է Ձեզ համար, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ կարմիրը հարմար գույն է: Որևէ քաղաքական երանգ դրա մեջ չեմ դրել: Պարզապես զուգադիպել է, պատահականություն է»:

Տեսանյութեր

Լրահոս