Թեկնածուներն այցելել են հացադուլավոր թեկնածուին
Այսօր Հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին էին այցելել նախագահի նախկին թեկնածուներ Ռոբերտ Ահարոնյանն ու Պավլիկ Սարգսյանը:
«Կյանքն ավելի թանկ է ու կարևոր, քան պայքարի այս ձևը՝ հացադուլը: Սա պայքարի պասիվ ձև է, և ես չեմ ուզում հավատալ, որ մեր գործընկերն այլ տարբերակ չի գտնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ահարոնյանը: Նա հայտնեց, որ իր կողմից ղեկավարվող «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժումնայսօր նիստ է հրավիրել, որտեղ ընդունվել է որոշում՝ միանալ Անդրիաս Ղուկասյանին, եթե վերջինս չհրաժարվի հացադուլից:
«Մենք դիմել ենք մեր գործընկերոջը՝ հրաժարվել հացադուլից: Եթե երկու-երեք օրից նա հետ չկանգնի պայքարի այս ձևից, մենք կմիանանք իրեն: Չնայած, որ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ շնորհակալ է աջակցության համար, և, որ չի հրաժարվի պայքարից, բայց մենք ամեն դեպքում կսպասենք, ու եթե պատասխանը դրական չլինի՝ կմիանանք: Եվ առհասարակ, մենք կոչ ենք անում բոլոր գրանցված թեկնածուներին՝ միանալ մեզ, ինքնաբացարկով հանդես գալ և թողնել Սերժ Սարգսյանին մենակ: Սրանով էլ կավարտվեն այս ընտրությունները»,- ասաց Ռոբերտ Ահարոնյանը:
Պավլիկ Սարգսյանը ևս մտահոգություն հայտնեց Ա. Ղուկասյանի հացադուլի հայտարարության առնչությամբ՝ միևնույն ժամանակ ողջունելով նրա այդ քայլը: «Այս ձմեռվա պայմաններում, այս ձյան տակ, կսառի: Ես նրա առողջության համար եմ մտահոգված: Ու կուսակցություններից, քաղաքական գործիչներից ոչ մեկը չի մտահոգվում: Մրցակիցներ են, հակառակորդներ են, բայց չե՞ն մտածում, չե՞ն ասում, թե՝ մարդ ես, առողջականդ մի վնասիր: Բայց ես ողջունում եմ, որովհետև սա քաղաքական դիրքորոշման արտահայտման եղանակ է, սա ճիչ է, փրկության ճիչ»,- նշեց Պավլիկ Սարգսյանը՝ հավելելով, որ ազատ մտածելակերպ ունեցող հասարակության գիտակցության մեջ Անդրիաս Ղուկասյանի քայլն, անշուշտ, ազդեցություն կունենա: