
Հացադուլի ընթացքում Ղուկասյանը Աստվածաշունչ է ընթերցում

ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանն արդեն երկրորդ օրն է` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց հացադուլ է անում:
168.am-ի հետ զրույցում Ա. Ղուկասյանն ասաց, թե մտադրված չէ դադարեցնել հացադուլն ու հաշտվել տիրող իրավիճակի հետ: «Ես կդադարեցնեմ միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը հաստատի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ, որ ընտրությունները կեղծվել են»,- ասաց նա:
Մեր հարցին, թե չե՞ք վախենում` վնասել Ձեր առողջությունը, Անդրեաս Ղուկասյանը պատասխանեց. «Դա այլ հարց է, քաղաքական պայքարի հետ կապ չունի: Ամեն ինչում էլ վտանգ կա: Իհարկե, տվյալ պայքարի դեպքում վտանգն առավել քան մեծ է, բայց ես ընտրել եմ ու շարունակելու եմ պայքարել հացադուլի միջոցով»:
Ի դեպ, թեկնածուն միայն սառը ջուր է օգտագործում ու ընթերցում է Աստվածաշունչը: Իրենց հերթին անցորդներն էլ խորհուրդ էին տալիս ջրի փոխարեն գոնե տաք թեյ օգտագործել՝ «թոքաբորբ չընկնելու համար», ինչից, սակայն, Ա. Ղուկասյանը կտրականապես հրաժարվում էր: