
Մեծ Բրիտանիայի դեսպանը մի փոքր սխալվում է

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչն իր բլոգում՝ խոսելով փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների մասին, գրել է. «Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:
Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում»:
Պետք է ասել, որ տիկին Լինչը փոքր-ինչ սխալվում է, քանի որ նախագահի թեկնածուներից Հրանտ Բագրատյանը, ում հետ նա երեկ հանդիպել է խորհրդարանական ՀԱԿ խմբակցության անդամ է և այդ իմաստով ներկայացնում է այդ խմբակցությունը:
Ճիշտ է՝ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ նրան չեն պաշտպանում, բայց ՀԱԿ-ին մաս կազմող այլ կուսակցություններ և գործիչներ էլ հայտարարել են նրա թեկնածությունը պաշտպանելու մասին: Տիկին Լինչի մյուս բոլոր հարցադրումների և դրանց տակ եղած ենթատեքստերի տակ, կարելի է համաձայնվել: