Վրաստանի տնտեսական ցուցանիշները խիստ վատթարացել են. Վանո Մերաբիշվիլի
Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Իվանե (Վանո) Մերաբիշվիլին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերջին ամիսներին վատթարացել են Վրաստանի տնտեսական ցուցանիշները, և որ այդպիսի պայմաններում կառավարությունը պետք է անցում կատարի աշխատանքային արտակարգ ռեժիմի.
«2012 թվականի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 2.3 տոկոս, մինչդեռ 2011 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 8.5 տոկոս: 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանում գրանցվել է 1.5 տոկոսանոց տնտեսական անկում, մինչդեռ դրանից ուղիղ մեկ տարի առաջ գրանցվել է 8.5 տոկոսանոց աճ:
2012 թվականի չորրորդ եռամսյակում ներկրումը մեկամյա վաղեմության ցուցանիշի համեմատ նվազել է 9.1 տոկոսով, իսկ արտահանումը՝ 22.4 տոկոսով: Կրճատվել է նաև բանկային վարկերի ու դեպոզիտների ծավալը: Սա ամենավատ ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում, ինչը չի բխում ո՛չ իմ, ո՛չ Վրաստանի կառավարության, ո՛չ էլ Վրաստանի բնակչության շահերից»: