Բաժիններ՝

Էրդողանի կուսակցության վախճանը մոտ է. թուրք ազգայնականների առաջնորդ

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցական նիստում սուր քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)՝ հայտարարելով, որ շուտով վրա կհասնի նրա վախճանը.

«ԱԶԿ-ն գրեթե գրկախառնության մեջ է ահաբեկչական PKK-ի հետ: Թող ճակատի մեկ կողմում գտնվեն ԱԶԿ-ը, (քեմալական) «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ), (քրդական) «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ), իմրալըյան մարդասպանը (նկատի է առնվում 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ, PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը – 168.am):

Մենք պայքար կմղենք բոլորի դեմ: Նրանց ձեռքերը թաթախված են մեր շեհիթների (նահատակ) արյամբ, իսկ նրանք դեռ կատարում են PKK-ի պահանջները: Ինչի՞ մասին են խոսում նրանք, երբ խոսքը գնում է հարցի լուծման մասին: Ինչի՞ դիմաց է PKK-ն վայր դնելու զենքը: Ի՞նչ է հասկացվում խաղաղ կարգավորման պլանի տակ:

Արդեն 10 տարի է, ինչ Էրդողանը հայտարարում է, որ պայքարում է նրա համար, որ մայրերը դադարեն արտասվելուց: Սակայն նա որևէ տարբերություն չի դնում շեհիթների մայրերի ու քուրդ ահաբեկիչների մայրերի միջև: Էրդողանն ասում է, թե քրդերի խնդիրներն իր խնդիրն է, որ երկրում արդեն չկա քրդական հարց, որ կա քուրդ եղբոր հարց: Ես վարչապետին հիշեցնում եմ, որ մեր պետությունը կոչվում է Թուրքիայի Հանրապետություն, և որ թուրք ժողովուրդն ու երկիրն անքակտելի է»:

Հիշեցնենք, որ 2005 թվականին Էրդողանը Դիարբեքիրում խոստովանել էր, որ Թուրքիայում գոյություն ունի «Քրդական հարց», սակայն դրանից հետո հայտարարել էր, որ երկրում գոյություն չունի «Քրդական հարց», փոխարենը գոյություն ունի «Ահաբեկչության խնդիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս