
Կասպերսկի. 10 տարի անց համակարգչային վիրուսները կկարողանան ֆիզիկական վնասներ հասցնել

10 տարի անց համակարգչային վիրուսները կկարողանան ֆիզիկական վնաս հասցնել սարքավորումներին: Նման համոզմունք է հայտնել ռուս հայտնի ծրագրավորող, համակարգչային անվտանգության խնդիրների մասնագետ Եվգենի Կասպերսկին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ինտերնետ-տեխնոլոգիաները զարմանալի արագ տեմպերով են զարգանում»,- Բավարիայում անցկացվող ինովացիաներին նվիրված DLD13 կոնֆերանսի ժամանակ նշել է նա՝ ավելացնելով, թե, ցավոք, նույնքան արագ են զարգանում նաև կիբերսպառնալիքները:
«Կործանարար հնարավորությունները բաց են բոլորի համար՝ պետությունների, կազմակերպությունների, նաև հանցագործների և ահաբեկիչների համար»,- նախազգուշացրել է Եվգենի Կասպերսկին:
Նաև հավելել է. «Ասացեք ինձ, ԱՄՆ-ում բանտերը ունե՞ն դեպի համակարգչային ցանցեր հասանելիություն: Դրա միջոցով լիովին հնարավոր է, որ բանտարկյալները կկարողանան բացել բանտի դռները սմարթֆոնի միջոցով»:
Ըստ նրա՝ կիբեռհանցագործների ծրագրերը տարեցտարի ավելի ու ավելի են կատարելագործվում, և այժմ մատչելի են բոլորին, այդ թվում՝ ահաբեկիչներին, իսկ դրանց հասցրած վնասը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: