Ինչպիսին են նախագահի թեկնածուները «Վիքիպեդիայում»
ՀՀ նախագահի թեկնածուներ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի և «Ռադիոհայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանի մասին էջեր «Վիքիպեդիա» ինտերնետային ազատ հանրագիտարանում բացակայում են, իսկ ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մասին տեղեկատվությունը բավական հագեցած է:
2013թ.փետրվարի 18-ին նախագահական ընտրություններին առաջին անգամ մասնակցող Վարդան Ժորժիկի Սեդրակյանի մասին «Վիքիպեդիայում» եղած տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է նրա, այսպես կոչված՝ էպոսային գործունեությանը: «Վիքիպեդիայից» տեղեկանում ենք, որ նա 1998 թվականից զբաղվել հայկական էպոսի, իսկ մեկ տարի անց սկսել է զբաղվել մյուս ժողովուրդների էպոսների ուսումնասիրություններով:
Պարզվում է՝ հենց 1998 թվականից սկսած՝ Վարդան Սեդրակյանը հեռուստատեսությամբ տարբեր հաղորդաշարեր է ունեցել էպոսի վերաբերյալ: 2006թ. հրատարակել է «Deusvult-Կամոքն Աստծո» գիրքը: Շատ հետաքրքիր է նաև նրա քաղաքական գործունեության վերաբերյալ հատվածը: «2007թ. մասնակցել է Ազգային Ժողովի ընտրություններին և, հավաքելով 5525 ձայն, տանուլ է տվել»,- նշված է «Վիքիպեդիայում»:
Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի մասին տեղեկատվությունը «Վիքիպեդիայում» բավական հակիրճ է և առանց հուզականության: Նշված է թեկնածուի ինքնակենսագրությունը, դիվանագիտական գործունեությունը, ընտանիքի, նախագահական ընտրություններին մասնակցության մասին տեղեկատվություն: Նրա էջում արդեն իսկ նշված է, որ նա 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: «2012թ. դեկտեմբերի 29-ին առաջադրվել է Նախագահի թեկնածու»,- նշված է «Վիքիպեդիայում»:
«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին տեղեկատվության մեջ կարդում ենք, որ նա 1995թ-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, իսկ 1998-ին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ: Հրանտ Բագրատյանի մասին «Վիքիպեդիայում» նշված է նաև, որ նա 61 գիտական հոդվածների և 9 մենագրությունների հեղինակ է։ «Նա հանդիսանում է, իր պնդմամբ, երրորդ տնտեսագիտության` մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը»,- գրված է «Վիքիպեդիայում»:
Ըստ «Վիքիպեդիայի»՝ Հրանտ Բագրատյանն աշխատել է Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում` նվագելով բլյուզ ակուստիկ կիթառով: «Չունենալով հանդերձ երաժշտական կրթություն, Հրանտ Բագրատյանն ունի հեղինակած շուրջ 15 գործեր և մտադիր է ալբոմ թողարկել»,- գրված է «Վիքիպեդիայում»:
Պարզվում է նաև, որ Հրանտ Բագրատյանը լավ լողորդ է, սիրում է խաղալ շախմատ և բիլիարդ, խմիչքների հարուստ հավաքածու ունի:
Մյուս թեկնածուների մասին՝ առաջիկայում: