«Ո՞վ պատասխան տվեց, Ռոբե՞րտը պատասխան տվեց, թե՞ Սերժը». ՀԱԿ անդամը համաձայն չէ Սերժ Սարգսյանի հետ
ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանը կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում՝ խոսելով 2008թ. Մարտի մեկի հայտնի դեպքերի մասին, մասնավորապես ասել է.
«Այո՛, անձնապես ես ծանր եմ տարել, բայց ես չեմ համարում, որ հասարակության, պետության կայունության միակ պատասխանատուն իշխանությունն է: Այո՛, առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց երկրի կայունության, երկրում տիրող ազատության, հանգիստ մթնոլորտի համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում այն քաղաքական ուժերը, որոնք իրենց պրոբլեմները, անհաջողությունները մշտապես փորձում են պայմանավորել իշխանությունների գործունեությամբ, որոնց համար մշտապես մեղադրում են իշխանություններին… Դուք ասում եք՝ իշխանությունները բռնություն գործադրեցին: Բայց արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանությունները ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին․․․ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային: Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետև բոլորս էլ մեղավոր ենք»:
168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այս տեսակետը Մարտի մեկի վերաբերյալ՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը նախ նշեց, որ գործող ռեժիմը գնում է ամեն քայլի` սեփական իշխանությունը պահպանելու և վերարտադրվելու համար:
«Ւնչո՞ւ, որովհետև վաղ թե ուշ հասնելու է պահը պատասխանատվության, բացահայտվելու է և´ Հոկտեմբերի 27-ը, և´ 2004-ի Մարտի 12-ը, և´ «Պապլովոկ» կոչեցյալը, երբ հայ մարդու ողնաշարը կոտրեցին, ու տասնյակ այդպիսի դեպքեր, և այդ չարիքի գագաթնակետը Մարտի մեկն էր, որը թույլ է տվել իշխանությունը` իր զինված ոհմակով: Թող ցույց տան մի մարդ, ում աչքը մի փոքր քերծված է եղել ընդդիմության կամ քաղաքացու կողմից:
Չկա´ այդպիսի բան, արել է զորքը, արել են իրենք, թացրել են, և Մարտի մեկի դեպքերը չեն բացահայտվել»,- ասաց Գառնիկ Մարգարյանը: Նա չհամաձայնեց Սերժ Սարգսյանի հետ` նշելով, որ դա երկրի կայունության հետ բացարձակապես կապ չուներ. «Ժողովուրդը ոտքի էր կանգնել, որպեսզի ազատվեր հանցավոր ռեժիմից, և ճիշտ ուղիով էր գնում, բայց, ցավոք, ղեկավարները վճռական չգտնվեցին և գործընթացը չտարան մինչև վերջ»:
Ւսկ ի պատասխան մեր հարցադրմանը, թե ինչո՞ւ է այդ դեպքում Սերժ Սարգսյանը նշում, որ միայն իշխանությունները չեն բռնություն գործադրել, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն ասաց. «Փաստերով խոսենք: Բացի զինվորական և գնդապետ լինելը, ես նաև իրավաբան եմ, թող ասի մեկ դեպք, երբ հարյուրավոր հանրահավաքների ժամանակ, տասնյակ վրանների առկայության դեպքում օրուգիշեր քաղաքացին, հասարակ մարդը, ով եկել էր իր իրավունքները պաշտպանելու, թույլ է տվել խուլիգանական արարք:
Ժողովուրդը հասել էր այնպիսի մի լրջագույն կարգապահության, երբ մարդ քաղցը հագեցնելու համար արևածաղիկ էր ուտում, բայց հետո մաքրում էր այդ արևածաղկի հետքերը, որպեսզի հրապարակը չկեղտոտվի: Թող մի դեպք ասեն, չկա´ այդպիսի բան: Դեպքերն իրենց կատարածներն են. երկրորդ նախագահ կոչվածըն հրամայեց կոտրել երիտասարդ մարդու ողնաշարը զուգարանում, սա փաստ է, չէ՞, ո՞վ 2004-ի մարտի 12-ի գիշերը գնդակոծեց ժողովրդին, ինչու պետք է ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի որդին` հոյակապ, գիտնական տղան և լավագույն հայ զինվորը, մինչ այսօր վիրավորված մնա: Ո՞վ պատասխան տվեց, Ռոբե՞րտը պատասխան տվեց, թե՞ Սերժը: Չի´ կարելի ցինիզմի հասնել»: