Բաժիններ՝

Այս տարի համայն աշխարհում կգրանցվի գործազրկության ռեկորդային մակարդակ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի աշխարհում գործազուրկների քանակը կհասնի ռեկորդային ցուցանիշի: Այս մասին նշված է ՄԱԿ-ի կազմում գտնվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում: ԱՄԿ-ի կանխատեսմամբ՝ 2013 թվականին գործազուրկների քանակը համայն աշխարհում աճելու է 5 միլիոնով՝ հասնելով 202 միլիոն մարդու:

2007 թվականին ճգնաժամի սկսվելուց հետո համայն աշխարհում գործազուրկների քանակն աճել է 28 միլիոնով և 2012 թվականի վերջին կազմել է 197 միլիոն մարդ: Գործազրկությունն իր գագաթնակետին հասել է ճգնաժամային 2009 թվականին՝ 199 միլիոն մարդ: Դրանից հետո գործազուրկների քանակը սկսել է նվազել, սակայն 2012 թվականին այն վերստին սկսեց աճել:

ԱՄԿ-ն կանխատեսում է, որ 2014 թվականին գործազուրկների քանակը կաճի ևս 3 միլիոնով, իսկ մինչև 2017 թվականը գործազուրկների քանակը կհասնի 201.6 միլիոն մարդու: Գործազուրկները կշարունակեն կազմել մոլորակի տնտեսապես ակտիվ բնակչության 6 տոկոսը:

Զեկույցում նշված է, որ բնակչության ամենաանպաշտպան խումբը 24-ից ցածր տարիք ունեցող երիտասարդներն են, որոնց թվում գործազուրկ է 13 տոկոսը: Ընդ որում, աճում է աշխատանք փնտրելու գաղափարից հրաժարվողների քանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս