
Փետրվարին Թուրքիա կայցելի ԱՄՆ նոր պետքարտուղարը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոհն Քերին պլանավորել է փետրվարին այցելել Թուրքիա: Այստեղ նա քննարկելու է Իրաքում աճող լարվածության, Սիրիայի ներքին բախումների ու քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ու Թուրքիայի իշխանությունների միջև ընթացող բանակցությունների հարցերը:
Նշվում է, որ Ջոհն Քերին իր առաջին արտասահմանյան այցն իրականացնելու է հենց դեպի Թուրքիա: Քերրիի թուրքական այցը քննարկվել է նախորդ շաբաթ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի կատարած ամերիկյան այցի շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին պլանավորել է ԱՄՆ այցելել փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
Ակնկալվում է, որ Սինիրլիօղլուի ու Դավութօղլուի ամերիկյան այդ այցերից հետո՝ ամռանն էլ Սպիտակ տուն կմեկնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: