Իրանը սպառնացել է 2-3 տարով սառեցնել «Վեցյակի» ու ԱԷՄԳ-ի հետ իր բանակցությունները

Iran News-ի փոխանցմամբ՝ Թեհրանը կարող է սառեցնել իր միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» հետ տարվող բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիքաթ-Պուրը.

«Եթե ԱԷՄԳ-ի կամ Արևմուտքի ներկայացուցիչները բանակցություններն օգտագործեն որպես զենք՝ Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, ապա մենք նույնպես կարող են որոշում ընդունել և 2-3 տարով սառեցնել այդ բանակցություններին մեր մասնակցությունը:

Եվրոպան ու Արևմուտքը ցանկանում են ձգձգել բանակցությունները՝ հետապնդելով սեփական նպատակներ: Մենք մշտապես ասում ենք, որ պատրաստ ենք բանակցություններին: Սակայն նրանց մոտեցումը վկայում է, որ դա չի հուզում իրենց»:

Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է հունվարի 28-29-ին: Թուրքիան առաջարկել է հյուրընկալել այդ բանակցությունները: Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլն էլ տեղի է ունենալու փետրվարի 13-ին: Ի դեպ, Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հունիսի 14-ին:

Տեսանյութեր

Լրահոս