Հայրիկյանը կշնորհավորի՞ Սերժ Սարգսյանին
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը` ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի այն հայտարարությունը, թե Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, այսպես ասած, «խաղում» են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի խաղը։ «Իմ անունը քաղաքական կյանքում ձեր ծնողները` երևի ձեր պապիկները, լսել են 60-ական թթ.-ից, Սերժ Սարգսյանի անունը լսել են 1990-ական թթ-ի սկզբներից,- պատասխանեց Պ. Հայրիկյանը` Վ. Սեդրակյանին ուղղելով իր խոսքը,- Էդ էպոսագետին ասեք` թող ժամանակակից պատմությունը ուսումնասիրի, ես նրա մասին ոչ մի բան չեմ ասելու»: «Ինչ վերաբերում է նրան, թե ոմանց թվում է, թե Սերժ Սարգսյանը Հայրիկյանի անունը տալով Հայրիկյանի մասին է խոսել, եկեք դուք փորձեք` երեք րոպե ճշմարտացի խոսել Հայրիկյանի մասին ու կողքից չընկալվել` որպես Հայրիկյանի գովազդով զբաղվող մարդ»,-ասաց Պ. Հայրիկյանը: Վերջինիս խոսքով` անհնար է Հայրիկյանի անունը տալ և չհիշատակել անկախությունը: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե այս ընտրությունները մրցակցային չեն, նախագահի թեկնածուն նկատեց. «Եթե դու զբաղեցնում ես նախագահի պաշտոնը, ապա դու ակամայից ավելի մեծ մրցակցություն ունես մյուս թեկնածուների նկատմամբ: Հիմա աջ ու ձախ, մանավանդ էն հանրապետական ջահելիկները, գոռում են, թե ընտրությունները մրցակցային չեն… Իրենք ի՞նչ գիտեն: Մարդկանց ճնշել պետք չէ, միայն ճշտով մենք պետք է առաջնորդվենք»: 168.am-ի հարցին, թե Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում կշնորհավորի՞ նրան, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Եթե արդար ընտրություններով ընտրվի, ցանկացած բարեկիրթ մարդ պարտավոր է շնորհավորել: Եթե ապացույց կամ գոնե համոզում չունես, որ ընտրություններին խախտումներ են կատարվել, որովհետև ապացույցը դատարանի միջոցով պետք է ձեռք բերվի, ապա էդ դեպքում դու, բնականաբար, պետք է շնորհավորես: Ես, որ նարդի եմ խաղում, ավելի շուտ՝ պինգ-պոնգ եմ խաղում, ենթադրում եմ, որ ես պիտի հաղթեմ, դրա համար էլ խաղում եմ, որովհետև դա նաև մարդու առողջական վիճակը պահպանելու միջոց է, բայց երբ պարտվում եմ, մոտենում-շնորհավորում եմ»: