
Հացադուլը հասարակության խղճի վրա ազդելու միջոց է. հոգեբան

Ակնհայտ է, որ հասարակությունն ակտիվ է նախագահական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Աննա Բադալյանը.
«Այսօր շատ են խոսում հասարակության պասիվության մասին: Դա պայմանավորված էր ամանորյա տոներով: Երեկ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, և պասիվության մասին այլևս խոսել չենք կարող: Ակնառու է հասարակության ակտիվությունը»: Հոգեբանը նշեց, որ սկզբնական շրջանում հասարակության շրջանում կար ձևավորված կարծիք, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, սակայն այժմ նման բան չի նկատվում. ընդհակառակը, հասարակության ակտիվությունն ավելի է աճելու : Աննա Բադալյանը նշեց, որ հոգեբանական առումով հասարակությանը իրենց շուրջ կարող են համախմբել նաև թեկնածուներ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ հաջողության կարող են հասնել այն թեկնածուները, ովքեր ոչ թե մանիպուլիացիայի կենթարկեն հասարակությանը, այլ հռետորական արվեստին կտիրապետեն: Հոգեբանը չնշեց կոնկրետ անուններ, թե որ թեկնածուն որքանով է տիրապետում այդ արվեստին, քանի որ նման հետազոտություններ դեռ չէր իրականացրել:
Աննա Բադալյանի խոսքով՝ Հայաստանի հասարակությունն ամենաքաղաքականացվածներից է, որի պատճառը ոչ միայն սոցիալական խնդիրներն են, այլև բնավորության էթնիկ գծերը:
Անդադառնալով երեկվանից հացադուլ հայտարարած թեկնածու Անդրեաս Ղուկասյանին՝ Աննա Բադալյանը նշեց, որ հոգեբանական առումով դա ճիշտ քայլ չէ: Այդ քայլը հասարակության խղճի վրա ազդելու միջոց է. «Պետք է ավելի ուժեղ լինել, կիրառել միջոցներ, որոնք հիացմունք կառաջացնեն, ոչ խղճահարություն»: