
«Լեռնային Ղարաբաղի օդային տիրույթը պատկանում է Ադրբեջանին». ԱԳՆ

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը երեկ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է օդային տիրույթի կիրառման մասին Նախարարների կաբինետի հաստատած նոր կանոնները,
«Նոր կանոնները հենված են միջազգային իրավունքի ու Չիկագոյի կոնվենցիայի դրույթների վրա: Այդ կոնվենցիայի 9-րդ հոդվածում արտացոլված է ինքնիշխանության իրավունքը, ըստ որի պետությունը կարող է անհրաժեշտության դեպքում փակել իր օդային տիրույթը: Ադրբեջանն էլ օգտվել է իր այդ իրավունքից և 1993 թվականին փակել է կորսված տարածքների օդային տիրույթը: Ստեփանակերտի օդանավակայանի օդային տիրույթը պատկանում է Ադրբեջանին, ինչի համար էլ անհնար է դրա գործածումը Հայաստանի կողմից»:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Ադրբեջանի Նախարարների կաբինետը ընդունել է Ադրբեջանի օդային տիրույթի օգտագործման կանոնների մասին որոշումը, ըստ որի կանոնակարգվում են օդային տիրույթի անվտանգության ապահովման հարցերը:
Ուշադրության է արժանի 4.97 կետը, որում ասվում է, որ օդային տիրույթի խախտման դեպքում ռազմաօդային ուժերը կարող են օդ բարձրացվել խախտում գործած ինքնաթիռին մոտակա օդանավակայանում հարկադիր վայրէջք պարտադրելու համար: Այդ պահանջի չկատարման և ինքնաթիռում անմեղ ուղևորների առկայության մասին ստույգ տեղեկատվության բացակայության դեպքերում թույլատրվում է օդանավի ոչնչացումը: