Թուրքիայում ստեղծվում է կիբեր հարձակումների դեմ պայքարի կենտրոն
Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին կից ստեղծվում է կիբեր հարձակումների դեմ պայքարի կենտրոն: Այս մասին նշված է Գլխավոր շտաբի ինտերնետային կայքում:
Կիբեր հարձակումների դեմ պայքարի կենտրոնը պետք է իր գործունեությունն իրականացնի Տրանսպորտի, կապի ու ծովագնացության նախարարության, Թուրքիայի Գիտական ու տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) և այլ պետական հիմնարկների հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կառույցների հետ փոխգործակցությամբ:
Կենտրոնի առաջադրանքների մեջ են մտնում զինված ուժերում կիրառվող ամեն տիպի համակարգերի պաշտպանությունը, շուրջօրյա վերահսկողությունը և կիբեր հարձակումների ու նման փորձերի դեմ պայքարը, ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը, մասնագիտացված կադրերի պատրաստումը: Կենտրոնի գործունեությունն առնչվելու է բոլոր զորատեսակներին:
Հիշեցնենք, որ 2010 թվականի աշնանը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն առաջին անգամ «կարմիր գրքի» սպառնալիքների թվում ներառեց կիբերանվտանգությունը: Այդ փաստաթուղթը, որն անվանում են նաև «գաղտնի կամ կարմիր սահմանադրություն», թարմացվում է 5 տարին մեկ անգամ և դրանում խոսք է գնում արտաքին ու ներքին թշնամիների ու սպառնալիքների մասին:
Դրանից արդեն մեկ տարի անց` 2011 թվականի հոկտեմբերի սկզբին, հայտնի դարձավ, որ Թուրքիան ստեղծում է Ազգային կիբերբանակ, որը սկզբնական շրջանում բաղկացած է լինելու 200 մասնագետից: