Թիվ 5 երթուղային տաքսու վարորդների վեճն ավարտվեց ողբերգությամբ

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննության է առնվում Արսեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նա մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով թիվ 5 երթուղային տաքսու վարորդ, 2012թ. հունիսի 6-ին, առավոտյան, երթուղում սահմանված կարգով երթևեկելու հետ կապված հարաբերությունների շուրջ վիճաբանել է նույն երթուղու վարորդներ` Արտակ Ս.-ի և Վրեժ Պ.-ի հետ, որոնց կողմից ծեծի է ենթարկվել, որից հետո ժամադրել է նրանց նախապես հանդիպման մասին տեղյակ պահելով իր ընկերներ Ալեքսանյանին, Բաղիրյանին, Վերդյանին, Հակոբյանին:

Պայմանավորվածության համաձայն, նույն օրը ժամը 20.00-ի սահմաններում վերջիններիս հետ Ավան վարչական շրջանում գործող «Ստար» սուպերմարկետի մոտ հանդիպել է Արտակ Ս.-ին և Վրեժ Պ.-ին, որտեղ Վրեժ Պ.-ն շարունակել է արտահայտել խոսքեր` փորձելով հաստատել իրենց դիրքը երթուղում, ինչը չի ընդունվել Արսեն Հ.-ի կողմից, որը նույն պահին, օգտվելով հարմար առիթից, շրջացել է Վրեժ Պ.-ին, թիկունքին աջ կողմից բռունցքով մեկ անգամ հարվածել վերջինիս դեմքի աջ այտային շրջանին, դիտավորությամբ պատճառել գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս, որոն հանգեցնելով գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման` անզգուշությամբ առաջացրել են Վրեժ Պ.-ի մահը: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Դ. Գրիգորյանի կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս