ՄԻՊ գրասենյալը դեռ նորություն չունի «Մխիթարյան» դպրոցից
ՄԻՊ գրասենյակը նոր մանրամասներ չի պարզել Ավանի «Մխիթարյան» դպրոցի մասին տարածված տեղեկությունների մասին. գրասենյակը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն և սպասում է պատասխանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը: Վերջինս նաև նշեց, որ գրասենյակի աշխատակիցները երկրորդ անգամ դեռևս չեն այցելել դպրոց, սակայն պատրաստվում են օրերից մի օր նորից այցելել «Մխիթարյան» դպրոց:
Հիշեցնենք, որ վերջերս համացանցում հայտնվել էր Ավանի բնակիչների նամակը, որով վերջիններս հայտնում էին դպրոցում մի շարք անօրինությունների մասին: Նամակում նշվում էր, որ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին` պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ. «Տնօրենը` ոմն կաթոլիկ Սերովբե վարդապետ Չամուրլյանն ստեղծում է արհեստական դժվարություններ` օգտվելով նրանից, որ աշակերտներն անապահով ընտանիքի երեխաներ են, նրանց դարձնում է փորձարարական լաբորատորիայի նմուշներ. երեխաներին ստիպում է խմել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ, իբր դիմադրողականության համար, սակայն ծնողների հետ մեր զրույցում պարզվեց, որ ոչ մի ծնողի բացատրություն չի տալիս դրանց բաղադրության և ձեռք բերման մասին: Ստիպողաբար լցնում է երեխաների բերանները, և ստուգում` խմել են, թե` ոչ»: