Facebook-ն արտադրողներին խնդրում է մշակել էժան ֆլեշ-հիշողություն՝ պահպանելու համար հարյուր միլիարդավոր լուսանկարներ
Wired պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Facebook սոցցանցի ենթակառույցների զարգացման գծով փոխնախագահ Ջեյն Փարիհը դժգոհել է, որ ֆլեշ-հիշողության մշակողները կենտրոնացել են միայն դրանց «երկարակեցության» վրա, մինչդեռ Facebook պահանջում է այլ բան՝ մեծ հիշողություն:
Խոսքը գնում է նոր, էժան հիշողության կուտակիչի մասին, որը կլուծի սոցցանցի խնդիրը: Ինչպես ոչ վաղ անցյալում Graph Search որոնողական նոր ծառայության ներկայացման ժամանակ հայտարարեց Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, այս տարվա սկզբին օգտատերերի լուսանկարների քանակը հասել է 240 միլիարդի: Ոչ վաղ անցյալի ամանորյա տոներին՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին և այս տարվա հունվարի 1-ին, սոցցանցի օգտատերերը կայքում տեղադրել են 1.1 միլիարդ լուսանկար:
Համեմատության համար նշվում է, որ միջին հաշվով Facebook-ի օգտատերերն օրական տեղադրում են ավելի քան 300 միլիոն լուսանկար, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել է նախորդ Նոր տարուն՝ 844 միլիոն լուսանկար: Այս ամենի վերջ չի երևում, լուսանկարների քանակը միայն աճում է, իսկ հին լուսանկարները ոչ ոք չի ջնջում:
Ընդ որում, գրեթե ոչ ոք չի դիտում 3-4-ամյա վաղեմության լուսանկարները, իսկ դրանք կոշտ սկավառակներում պահպանելը շահավետ չէ, քանի որ վինչեստերները սպառում են շատ էլեկտրաէներգիա: Այժմ սոցցանցն արտադրողներին խնդրում է մշակել էժան ֆլեշ-հիշողություն՝ պահպանելու համար հարյուր միլիարդավոր լուսանկարներ: