Տեր-Պետրոսյանն այսօր ազդեցություն ունի՞ «հիմնական գծի» վրա (տեսանյութ)
Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրեց փաստաթղթերի փաթեթ` ՀԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, որի առաջարկով կուսակցությունը մտադիր է մտնել ՀԱԿ քաղխորհուրդ և առայժմ բանակցում է ՀԱԿ-ի անդամ քաղաքական ուժերի հետ:
Ասուլիսում, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե ո՞ր ուժերն են կողմ այդ փաթեթին, Պետրոս Մակեյանը ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը կարելի է խմբավորել. առաջինն, ըստ նրա, այն խումբն է, որն արդեն ամիսներ կամ տարիներ շարունակ չի մասնակցում քաղաքական գործընթացներին, բայց մնում է ՀԱԿ-ի կազմի մեջ, երկրորդ խմբի մեջ են միջանկյալ կուսակցություններ, որոնք, այսպես ասած, ձգտում են գոնե իրենց տեղում մնալ:
«Եվ կա մի խումբ, որը միշտ ակտիվորեն տանում է մի գիծ, կարծեմ այդ «գծի» մասին խոսվում է գաղտնալսման մեջ (նկատի ունի Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան հայտնի զրույցի գաղտնալսումը,- Ա.Ս.), և այդ «գծի» մեջ «գծի» հիմնական կողմնակիցներն են: Հիմա այս շերտերի մեջ մենք փորձում ենք ներկայացնել մեր մտահոգությունները»,- նշեց ԺՀԿ նախագահը:
168.am-ի հարցին, թե, ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ազդեցություն ունենո՞ւմ է ՀԱԿ-ի, այսպես ասած, «հիմնական գծի» որոշումների և վարած քաղաքականության վրա, Պետրոս Մակեյանը պատասխանեց, որ չնայած մի փոքր գեղեցիկ չէ մեկնաբանելը, բայց որպես ՀԱԿ հիմնադիր` Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև դեկտեմբերի 25-ը, այսինքն մինչ իր չառաջադրվելու մասին հայտարարությունը, հրապարակային առաջնորդն էր, բայց դեկտեմբերի 25-ից հետո դա առայժմ հրապարակային ձևով չի երևում:
«Բայց իմ զգացողությամբ նա դեռևս մնում է քաղաքական գործընթացների մեջ և մասնակից, սակայն դա իմ զգացողությունն է, կարող է սուբյեկտիվ լինել»,- ասաց Պետրոս Մակեյանը: