
Իրանում հայտնաբերվել է «Կարմիր հոկտեմբեր» անվանմամբ վտանգավոր վիրուս

Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում հայտնաբերվել է «Կարմիր հոկտեմբեր» անվանմամբ վիրուս: Այս մասին նշված է երկրի Կապի ու տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Իրանի կապի ու տեխնոլոգիաների փոխնախարար Ալի Հաքիմ Ջավադին հաստատել է տվյալ տեղեկատվությունը՝ հավելելով, որ իրանցի մասնագետները կարող են կանխել վիրուսի չարտոնյալ ներթափանցումը տեղական հիմնարկներ ու կազմակերպություններ:
Ջավադիի խոսքերով՝ այդ վտանգավոր վիրուսը փորձել է ներթափանցել տեղական համակարգչային ցանցեր ու դիվանագիտական կենտրոններ՝ գաղտնի տեղեկատվության մուտքը «կոտրելու» համար: Նշվում է, որ «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային բազայում տվյալ վնասակար ծրագիրն ունի Backdoor.Win32.Sputnik անվանումը: