Ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է. Ժան Կլոդ Մինյոն
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանը, որի առաջին աշխատանքային օրը ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ճեպազրույց է տվել: Դրա ժամանակ Մինյոնն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մոտ ժամանակներս ԵԽԽՎ-ում նախագահելու են Հայաստանն ու Ադրբեջանը: Հուսով եմ, որ դա վերջ կդնի կազմակերպության ներսում փոխադարձ մեղադրանքներին և հիմք կդնի կառուցողական երկխոսության համար: Ինձ շատ լավ հայտնի է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է:
ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ աշխատանք է տարել դրա կարգավորման ուղղությամբ: Ես կանոնավորապես Փարիզում հանդիպում եմ դեսպան (ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ – 168.am) Ժակ Ֆորի հետ: Կարող եմ ասել, որ այդ աշխատանքը շարունակվում է, և դրանում կա առաջընթաց: Կարծում եմ, որ Մինսկի խումբը նույնպես շուտով իր հերթին կներկայացնի իր առաջարկները:
5 ամիս անց Հայաստանը նախագահելու է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում, ապա դա կստանձնի Ավստիան, ինչից հետո հերթը կհասնի Ադրբեջանին: Ես երկու երկրների պատվիրակություններին առաջարկում եմ կոնկրետ քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղութամբ: Մեզ՝ Եվրոպայի Խորհրդի համար շատ դժվար կլինի այդ երկու երկրների նախագահության ժամանակ:
Ես շատ եմ ցանկանում այցելել այդ երկու երկրներ, դա իմ երազանքն է: Սակայն ավելի լավ կլիներ, եթե ես այնտեղ գնայի ոչ թե մենակ, այլ՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահողի հետ: Այսինքն, Հայաստան մեկնեի Ադրբեջանի կառավարության անդամների հետ և Ադրբեջան մեկնեի Հայաստանի կառավարության անդամների հետ: Չգիտես ինչու, ես զգացողություններ ունեմ, որ այդ հարցը վերջապես առաջ է շարժվելու մեռյալ կետից»: