
Բանտարկյալներին անձամբ բռնաբարել է Բաչո Ախալայան. Բեդուկաձե

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրեր առաջ Վրաստան վերադարձած Վլադիմիր Բեդուկաձեն, ով հանդիսանում է բանտային կտտանքների մասին սկանդալային նյութերի հեղինակը, հայտարարել է, որ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան անձամբ է բռնաբարել բանտարկյալներին.
«Վեցերորդ բանտի բացման օրը, երբ տեղի ունեցավ այսպես կոչված բանտային խռովություն, Բաչո Ախալայան անձամբ է ներկա գտնվել և մասնակցել բանտարկյալներին ծեծելու և կտտանքների ենթարկելու փաստերին և անձամբ բռնաբարել է բանտարկյալներին: Այդ կադրերը նկարահանել է պատիժների իրագործման դեպարտամենտի մամլո կենտրոնը: Ավելի ուշ այդ կադրերը վերցրեց Բաչո Ախալայան»
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերին 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ սեպտեմբերին կեսերին Վրաստանը ցնցվեց Գլդանի թիվ 8 բանտում բանտարկյալների նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի մասին պատմող տեսագրություններից, որոնց շրջանառության մեջ էին դրել վրացական ԶԼՄ-ները:
Այդ կադրերը նրանց փոխանցել էր Բրյուսելում գտնվող Բեդուկաձեն: Շատ փորձագետներ կարծում են, որ հենց այդ կադրերը պայմանավորեցին ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: