
«Ճարպը հանենք պետական բյուջեից, էս փորից, մեր էս վզերից». Ր. Հովհաննիսյան

Այսօր ժամը 12:00-ին Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի երաժշտական թատրոնի շենքի հարևանությամբ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը: Նրա խոսքով` պայքարը գնալու է հայ ժողովրդի և իշխանության միջև: «Եվ մեր 21 տարվա ընթացքում առաջին անգամ մեր պայքարում մենք ունենալու ենք դե յուրե նոր նախագահություն Հայաստանում: Այս արևի տակ, մեր հայրենիքի հողում ամեն ինչ հնարավոր է: Կանխորոշված է միայն Աստծու պատգամը, իսկ մնացածը` հայ ժողովրդի և Հայաստանի շարքային քաղաքացու ձեռքում է` մեր ձեռքում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` նշելով, որ 20 տարի իշխանական հարկային-մաքսային «ուղղահայացը» ջարդելու ժամանակն է: «Առաջին տարվա ընացքում ճարպը հանելով պետական բյուջեից, էս փորից, մեր էս վզերից` ստվերը բերման ենթարկելով, մի տարի անց ժողովրդի մասնակցության և ընտրական հեղափոխության դեպքում մենք 50%-ով կավելացնենք բոլորի կենսաթոշակները, 50%-ով` գիտության և կրթության, առողջապահության, պաշտպանության, նոր սպառազինությունների ֆինանսավորումը կբարձրացնենք»,- օպերայի շենքի հարևանությամբ հավաքված մարդկանց ասաց Ր. Հովհաննիսյանը: Ըստ նրա` գյուղը կդառնա հարուստ, կունենանք մաքուր բնություն, և որ ՀՀ քաղաքացին պետք է ապահովված լինի ոչ թե նախագահի խոսքով, այլ` Սահմանադրությամբ: