
Ադրբեջանը վերականգնել է Ռուսաստանին իր գազի մատակարարումը

РБК-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը վերականգնել է Ռուսաստանին իր գազի մատակարարումը: Այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը: Ռուսաստանին ադրբեջանական գազի մատակարարումները դադարեցվել էին հունվարի 18-ին՝ կապված Մոզդոկի շրջանում գազատարի վերականգնողական աշխատանքների հետ:
Նշվում է, որ «Գազպրոմը» ադրբեջանական գազ է գնում 2010 թվականից: 2012 թվականին «Գազպրոմը» Ադրբեջանից գնել է 1.6 միլիարդ խորանարդ մետր գազ: Նախորդ տարի Ադրբեջանը Ռուսաստանում գրանցված վթարների պատճառով ստիպված է եղել դադարեցնել գազի մատակարարումը Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքված գազային համաձայնագրով նախատեսվում էր, որ «Գազպրոմը» տարեկան գնելու է 0.5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ավելի ուշ կողմերը պայմանավորվեցին 2010 թվականին կրկնակի մեծացնել այդ ծավալը: