«Սարերի քամին» կրկին ակտուալ է. Հովհաննիսյանի քարոզարշավը մեկնարկեց (լուսանկարներ)
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզաշավը պաշտոնապես սկսեց Երևանի Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ: Օպերայի հարևանությամբ կայանել էին միկրավտոբուսները, որոնք կրում էին Ր. Հովհաննիսյանի կարգախոսը` «Հնարավոր է»: Այդ միկրովատուսբուները նախատեսած են թեկնածուի մարզային այցերի համար: Քարոզարշավի մասնակիցներին բաժանվում էին նաև Ր. Հովհաննիսյանի նախընտրական բուկլետները, որտեղ կա «Սերժի Հայաստանը» և «Մեր Հայաստանը» տարբերակումը: Բուկլետում «Սերժի Հայասատանը> դիտարկումների շարքում ասվում է. «Օլիգարխիկ ստվերում և պետական բյուջեի ճեղքերում «կորել են» միլիարդավոր դոլարներ: Մինչ նախագահի շրջապատը հարստացել է` ազքատացել է ժողովուրդը, քայքայվել են առողջապահության և կրթության համակարգերը, իսկ Հայաստանը զիջում է Ադրբեջանին սպառազինությունների մրցավազքում»: Դրան զուգահեռ Րաֆֆի Հովհաննիսյանի` «Մեր Հայաստանը» դիտարկումների շարքում գրել է. «Նոր նախագահության առաջին տարում ստվերից հարկային դաշտ կբերվի 250 միլիարդ դրամ, իսկ կանխելով բյուջեի յուրացումները` «ատկատները», կխնայվի ևս 50 միլիարդ դրամ: Այս գումարները թույլ կտան 50%-ով բարձրացնել կենսաթոշակները, առողջապահության, գիտության ու կրթության և ժամանակակից սպառազինությունների ֆինանսավորումը»: Իսկ նախընտրական բուկլետի վրա թեկնածուն գրել է հետևյալ տեքստը. «Ես քեզ հետ եմ: հավատում եմ, որ իսկական մեր Հայաստանը դեռ առջևում է: Փետրվարի 18-ին ես գնում եմ այնտեղ: Արի ինձ հետ» : Ր. Հովհաննիսյանի` «Հնարավոր է» կարգախոսի մասին երգ էր հնչում քարոզարշավի ընթացքում, բացի այդ երգից հնչում էր նաև արդեն հայտնի «Սարերի քամի» երգը: