Կոծոյենց օբյեկտնե՞ր, թե՞ օբյեկտ-անառակատներ

04.09.2012թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Ե.Գալստյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով քրեական գործ է հարուցվել, իսկ 20.09.2012թ. ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով Կարինե Հրանտի Օթարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա 2011թ.-2012թ. աշխատելով «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող Իջևան քաղաքի Անկախության փողոցի 177 հասցեում գտնվող սննդի և հանգստի կազմակերպման համալիրում որպես հյուրանոցի ադմինիստրատոր, հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ Ալիսա Գ.-ին, Անժելա Ղ.-ին, Աննա Խ.-ին, Զառա Փ.-ին, Ալվարդ Մ.-ին, հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու, կենակցելու նպատակով դրանով իսկ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:

04.10.2012թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Վկա Անժելա Ղ.-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2011թ. ձմռան ամիսներին, կոնկրետ օրը չի հիշում Իջևան քաղաքում գործող Սարգյուլ Սիրեկանյանի կողմից սպասարկվող ճաշարանից հաճախորդ տղամարդկանց և մարմնավաճառ Ալիսա Գ.-ի հետ գնացել է «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող հանգստի և սննդի կազմակերպման «Կոծոյենց» օբյեկտ կոչվող համալիր, որտեղ հյուրանոցի ադմինիստրատոր Կարինեն իմանալով իր և Ալիսա Գ.-ի մարմնավաճառ լինելու մասին, իրենց տրամադրել է հյուրանոցի սենյակները հաճախորդ տղամարդկանց հետ տրված գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար և բացի նշված դեպքը մոտ 4-5 անգամ ևս օգտվել է նշված հյուրանոցի սենյակներից մարմնավաճառությամբ զբաղվելու համար, իսկ սենյակները իրեն տրամադրել է Կարինեն:

Վկա Ալիսա Գ.-ն դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2011թ. ձմռան ամիսներին Սարգյուլ Սիրեկանյանի ճաշարանում հաց ուտելուց հետո Իրանի Հանրապետության քաղաքացի տղամարդկանց և Անժելա Ղ.-ի հետ գնացել են «Կոծոյենց» օբյեկտ, որտեղ այդ տղամարդիկ հյուրանոցի աշխատող Կարինեից 8000 դրամի դիմաց վերցրել են հյուրանոցային սենյակները և սեռական հարաբերություն են ունեցել իրենց հետ, իսկ Կարինեն իմանալով իր մարմնավաճառ լինելու մասին տրամադրել է հյուրանոցային սենյակը, բացի այդ բազմիցս եղել են դեպքեր, երբ Կարինեն զանգահարել է իրեն հրավիրել հյուրանոց, ծանոթացրել հաճախորդ տղամարդկանց հետ, որից հետո գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել այդ հաճախորդ տղամարդկանց հետ:

Վկա Ալվարդ Մ.-ն դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն հաճախակի զանգահարել է «Կոծոյենց» հյուրանոցի աշխատակից Կարինեն և հրավիրել հյուրանոց, գումարի դիմաց հյուրանոցի հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար, վերջին անգամ Կարինեն իրեն նման առաջարկով զանգահարել է մեկ ամիս առաջ, հրավիրել հյուրանոց հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար և պոռնկությամբ զբաղվելուց հետո էլ ականատես է եղել, թե ինչպես է հաճախորդ տղամարդը Կարինեին որպես միջնորդավճար տվել 1000 դրամ: Դրանից հետո Կարինեն իրեն չի զանգահարել, սակայն ինքն անձամբ հաճախորդ տղամարդկանց հետ գնացել է հյուրանոց, որտեղ Կարինեն իրեն 5000 դրամի դիմաց տրամադրել է հյուրանոցային սենյակները իմանալով, որ ինքը մարմնավաճառ է:

Վկա Զառա Փ.-ն դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ. ձմռան գարնան ամիսներին հաճախորդ տղամարդկանց հետ 5000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար հաճախակի օգտվել է «Կոծոյենց» հյուրանոցից, որի աշխատող Կարինե Օթարյանը իմանալով իր մարմնավաճառ լինելու մասին, իրեն տրամադրել է հյուրանոցի սենյակները հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար, բացի այդ նշված ժամանակահատվածում Կ.Օթարյանը 4-5 անգամ զանգահարել է իրեն հրավիրել հյուրանոց հաճախորդ տղամարդկանց հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար: Ինքը անձամբ հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար հյուրանոցային սենյակների տրամադրման հարցով, կապ է պաշտպանել Կ.Օթարյանի հետ, իսկ վերջինս էլ հաճախակի տրամադրել է հյուրանոցային սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար:

Վկա Աննա Խ.-ն դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ մարմնավաճառությամբ զբաղվելու համար հաճախակի օգտվել է «Կոծոյենց» հյուրանոցից, որի սենյակները իրեն տրամադրել է հյուրանոցի աշխատող Կարինե Օթարյանը իմանալով վերջինիս մարմնավաճառ լինելու մասին, բացի նշված հանգամանքը մոտ 3-4 անգամ Կարինեն զանգահարել է իրեն հրավիրել հյուրանոց, որպեսզի 5000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենա հյուրանոցի հաճախորդ տղամարդկանց հետ, ինքն էլ անձամբ հաճախակի զանգահարել է Կարինեին, պատվիրել հյուրանոցի սենյակները, իսկ վերջինս էլ հաճախակի տրամադրել է հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար:

Դատաքննությամբ ամբաստանյալ Կարինե Հրանտի Օթարյանին մեղսագրված արարքը հաստատվել է և դատարանը վճռել է նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) 2-րդ մասի 5-րդ կետով (Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով) և դատապարտել 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 4 (չորս) տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում ամբաստանյալի վարքի հսկողությունը իրականացվելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Տավուշի բաժանմունքի կողմից: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին, դատարանը թողնել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է մեղադրողի կողմից և գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում:

Ի վերջո դատարանը կիրկանացնի արդարադատություն և մեղավորները կպատժվեն, իսկ արդյոք «կոծոյենց օբյեկտներ»-ը կարժանան հասարակության դատապարտմա՞նը, թե՞ հասարակությունը կշարունակի հանդուրժել նման կասկածելի «օբյեկտ – անառակատների» սրընթաց բազմացմանը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս