
Երևանը գեղեցիկ քաղաք է, բայց պետք է ուշադրություն դարձնեն նաև ծայրամասերին

Կամերային թատրոնի, «Կարգին սերիալի» դերասան Անդրանիկ Հարությունյանը (Անդո) 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե՝ Երևանը վերջին շրջանում փոփոխությունների է ենթարկվում՝ նկարազարդվում է, արձանիկներ են տեղադրվում, ի՞նչ կասես այդ մասին, նոր քաղաքը քեզ դուր գալի՞ս է, ասաց.
«Որակապես մի քիչ այդ արձանիկները վատն են: Ուզում ես նկարվել՝ կոտրվում են: Օրինակ, Մհեր Մկրտչյանի արձանը մի քանի անգամ արդեն կոտրվել է, բացի դա՝ այն շատ սխալ տեղում է դրված: Հանգստի գոտիներ են դրանք, որտեղ մինչ ուշ գիշեր մարդիկ աշխատում են, հարբած մարդիկ են լինում, և այլն, և բնական է, որ կարող է կոտրվել: Իսկ ընդհանուր Երևանը շատ գեղեցիկ քաղաք է:
Բայց պետք է ծայրամասերից էլ խոսեմ. շատ վատ է, որ ուշադրություն չեն դարձնում ծայրամասերին: Օրինակ, Աջափնյակ համայնքն է շատ վատ վիճակում, ու ավելի կվատանա, երբ օրերը տաքանան: Սառույցը, փողոցների վրա փռվող աղերն ավելի կվատացնեն փողոցների վիճակը: Ես բողոքում եմ, մեքենաս փչանում է: Ես այնտեղ եմ ապրում ու ամեն օր այդ ճանապարհով գնում-գալիս եմ: Մեքենաս կոտրվում է, իսկ ես այդքան գումար չունեմ, որ տանեմ մեքենաս վերանորոգելու»: