Բաժիններ՝

Երևանի Տիկնիկային թատրոնը 2013 թ. բազմաթիվ փառատոների հրավերներ ունի

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը 2013 թվականին բազմաթիվ փառատոների մասնակցության հրավերներ ունի, սկսած Նոր Զելանդիայից՝ մինչև Արգենտինա:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Փառատոների մեծ մասն ունի որոշակի պայմաններ. կազմակերպիչներն իրենց վրա են վերցնում այնտեղ մնալու ծախսերը, նույնիսկ՝ որոշակի հոնորար են տալիս, ապահովում են սնունդով, բայց ողջ ճանապարհածախսը հիմնականում թատրոնի հաշվին է կատարվում: Հայաստանի դեպքում, ցավոք, միայն օդային ճանապարհով է հնարավոր ճամփորդել, որը շատ թանկ հաճույք է»,- ասաց Ռ. Բաբայանը:

2013թ. Տիկնիկային թատրոնը կմասնակցի երկու փառատոնի: Առաջինը  դրամատիկ ներկայացումների փառատոն է, որն անցկացվելու է Բելառուսում: Ներկայացվելու է Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Տիկնիկային թատրոնն այնտեղ է մեկնում, որովհետև բոլոր ծախսերը կազմակերպիչներն իրենց վրա են վերցրել: Երկրորդ փառատոնը, որին թատրոնը կմասնակցի, տեղի է ունենալու Ստամբուլում: Ներկայացվելու է Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»՝ մատներով ներկայացումը, որը 2011թ. միջազգային մոտ յոթ փառատոների է մասնակցել: Այս դեպքում ևս բոլոր ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները:

«Ունենք նաև այլ փառատոների հրավերներ` Մարոկկոյից, Լեհաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Ճապոնիայից և Նոր Զելանդիայից: Տեսնենք՝ ինչպե՞ս կստացվի…»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Հարցազույցն ամբողջությամբ՝ առաջիկայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս