Անդրիաս Ղուկասյանը «Ֆլամինգո-Արտ Լողափի» փայատեր է
ՀՀ նախագահի թեկնածու, անկուսակցական, «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանն ունի անշարժ և շարժական գույք, եկամուտներ, դրամական միջոցներ, փայաբաժին: Թանկարժեք գույք չունի: Այս մասին վկայում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված նրա` 2012թ.-ի հունվարի 1-ից մինչև 2013թ.-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Թեկնածուն որպես անշարժ գույք հայտարարագրել է ընդհանուր համատեղ սեփականության մեկ բնակարան Երևանում` 191 ք.մ մակերեսով, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Կոտայքի մարզի Զովունի գյուղում սեփական տան և հողամասի (համապատասխանաբար 227 ք.մ և 0,12 հա) իրեն պատկանող 33 %-ը, նույն Զովունիում 0,26 հա մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հողամասի 50 %-ը և 0,36 հա մակերեսով վարելահողի 33 %-ը:
Ա.Ղուկասյանը նաև հայտարարագրել է 2007թ.-ի արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա:
Թեկնածուի եկամուտները գոյացել են ձեռնարկատիրական գործունեությունից` «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից 9 մլն դրամ և «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ից 4 մլն դրամ:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ առկա դրամական միջոցները` 2,5 մլն դրամ:
Ա.Ղուկասյանը հայտարարագրել է նաև «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ի 45 % փայաբաժին:
Նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ոչ մի տեղ չաշխատող Արամ Հարությունյանն էլ հայտարարագրել է անշարժ և շարժական գույք, եկամուտներ և դրամական միջոցներ:
Ա.Հարությունյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 բնակարան Երևանում` 72,5ք.մ և 107,9 ք.մ մակերեսներով, շարժական գույք` 2003թ.-ի արտադրության «ԳԱԶ 3110-101» մակնիշի ավտոմեքենա:
Թեկնածուն որպես եկամուտ նշել է 4,1 մլն դրամ խնայողություն և 20 հազար ԱՄՆ դոլար փոխառություն:
Արամ Հարությունյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 1,6 մլն դրամ և 500 ԱՄՆ դոլար են:
Գայանե Մելիքյան
«Փաստինֆո»