Samsung-ը թողարկում է 8 դյույմանի էկրանով Galaxy Note
Հարավկորեական Samsung ընկերությունը համալրում է իր Galaxy Note սարքավորումների շարքը նոր սարքով, որն ունի 8 դյույմ անկյունագծով էկրան: Այս մասին հայտնում է SamMobile-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:
Պլանշետը կստանա Galaxy Note 8.0 կամ GT-N5100 անվանումը: Էկրանի կետայնությունը կազմում է 1280×800: Սարքը կունենա 2գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 16/32 գիգաբայթ ներքին հիշողություն, երկու տեսախցիկ՝ 5 և 1.3 մեգապիքսել: Սարքն ունի նաև microSD քարտի սլոտ:
Թե ինչ պրոցեսորով է աշխատելու Galaxy Note 8.0-ն, դեռևս չի հաղորդվում: Նշվում է սակայն, որ հունվարին CES 2013 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ հարավկորեական ընկերությունը ցուցադրեց իր Exynos 5 Octa պրոցեսորը, որը կարող է կիրառվել սմարթֆոններում և պլանշետներում:
Galaxy Note 8.0-ն կշռում է ընդամենը 330 գրամ, իսկ սարքի հաստությունը կկազմի 7.5 մմ: Սարքը ունի 4600 միլիամպեր/ժամ հզորությամբ մարտկոց: Սարքն աշխատելու է Android 4.2 ՕՀ-ով: Galaxy Note 8.0-ի հետ միասին կառաջարկվի նաև S Pen ստիլուս(գրիչ):
Հայտնի է, որ պլանշետը հասանելի է լինելու երկու տարբերակով՝ միայն Wi-Fi-ով և Wi-Fi-ով ու բջջային մոդուլով:
SamMobile-ի տվյալներով՝ Samsung ընկերությունը կցուցադրի Galaxy Note 8.0-ը փետրվարին: Հնարավոր է՝ սարքի շնորհանդեսը տեղի ունենա Mobile World Congress ցուցահանդեսի շրջանակներում:
Նշենք, որ Galaxy Note շարքին ներկայումս պատկանում է երեք սարքավորում: