«Ի՞նչ անեմ, գնամ բակերում ձեռքները սեղմե՞մ հատ-հատ». էպոսագետ թեկնածու
ՀՀ կառավարության աշխատակազմը երեկ հայտարարել է, թե պատրաստ է կառավարության տան նիստերի մեծ դահլիճը (մուտքը Մելիք-Ադամյան փողոց) մեկ անգամ անվճար տրամադրել ՀՀ նախագահի թեկնածուներին՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպելու համար:
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ է նա օգտվել ՀՀ կառավարության այդ աջակցությունից:
«Կառավարության նիստերի դահլիճում ի՞նչ անեմ: Գնամ ընտրողներին գյուղից բերեմ, համագումարի պես բան անե՞մ: Քաղաքի ընտրողներն էլ բոլոր հեռուստաալիքները կարող են դիտել, այդ կապն ավելի ճիշտ է»,- ի պատասխան, ասաց նա:
Թեկնածու Վարդան Սեդրակյանն առհասարակ չի պատրաստվում օգտվել Երևանում և մարզերում նախընտրական հանդիպումների համար առանձնացված անվճար տարածքներից և դահլիճներից: Էպոսագետ ներկայացած թեկնածուն համարում է, որ իր խոսքն ընտրողներին հասցնելու լավագույն ձևը հեռուստատեսային ելույթներն են և մամուլի հետ շփումները:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ եք խուսափում ընտրողների հետ հանդիպումից, Վարդան Սեդրակյանը պատասխանեց, թե ինքը ժողովրդի հարմարավետության մասին է մտածում:
«Ի՞նչ անեմ, գնամ բակերում ձեռքները սեղմե՞մ հատ-հատ: Չեմ խուսափում, ուղղակի մի քանի ընտրարշավների մասնակցել եմ, տեսել եմ, որ անիմաստ, անարդյունավետ բան է: Այն, ինչ ասելու եմ, հեռուստատեսությամբ հանգիստ կարող եմ ասել, մարդիկ էլ բազմոցների մեջ նստած կարող են նայել, ընթացքում քնել, վեր կենալ, իրենց համար ավելի կոմֆորտ է: Բա հո մեր տատիկ-պապիկներին ցրտին չեմ հանելու դուրս՝ էպոսից հատվածներ ասեմ»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Ի տարբերություն Վարդան Սեդրակյանի` նախագահի մեկ այլ թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը չի հրաժարվելու վերոհիշյալ առաջարկից:
«Անպայման օգտվելու եմ: Հույս ունեմ, որ մուտքի մյուս դուռը բաց կլինի, ու կառավարության անդամները կամաց-կամաց կլքեն շենքը»,- 168.am-ին փոխանցեց Արամ Հարությունյանը:
Նա վստահեցնում է, որ կիսադատարկ դահլիճ ունենալու հեռանկարն իրեն չի սպառնում: «Ես խնդիր չունեմ, ես մտածում եմ, որ նույնիսկ տեղ կարող է չլինել»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:
Արամ Հարությունյանը ևս ընտրողներին համոզելու հարցում նախապատվությունն առայժմ տալիս է հեռուստատեսությանը: