ԱՄՆ պետական պարտքի շեմը բարձրացվում է
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ որոշում կընդունի պետական պարտքի առաստաղի (սահմանի) կարճաժամկետ բարձրացման վերաբերյալ, Հանրապետականների՝ ուրբաթ օրը կայացած կոնֆերանսին (այսուհետ՝ կոնֆերանս) հայտարարել է պալատի խոսնակ Ջոն Բոհները:
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, ԱՄՆ պետպարտքի սահմանն այժմ 16.4 տրլն ամերիկյան դոլար է, վերջին անգամ այն բարձրացվել է 2012թ-ի հունվարի վերջին: Սակայն երկիրն այդ սահմանն արդեն հատել է 2012թ-ի դեկտեմբերի 31-ին, որի համար ԱՄՆ պետական գանձարանն ընդունել է անհրաժեշտ նորմեր պարտքի շարունակական սպասարկման համար: Պետական պարտքի առաստաղի բարձրացման վերաբերյալ Կոնգրեսն ու Սպիտակ տունը պետք է գան փոխհամաձայնության մինչև մարտի 1-ը, հակառակ դեպքում երկիրը կդադարի վճարել իր պարտավորությունների դիմաց և կարող է հայտարարել տեխնիկական դեֆոլտ:
Կոնֆերանսի ընթացքում Ջոն Բոհները հայտարարել է, որ պետպարտքի խնդիրը կարող է լուծվել երեք ամսով բարձրացման միջոցով: Իսկ մինչ պետպարտքի սահմանի ավելի երկարաժամկետ բարձրացումը պետբյուջեի ծախսային մասը պետք է ենթարկվի մի շարք կրճատումների: Նա նաև ընդգծել է, որ ներկայացուցիչների պալատի այդպիսի որոշումից հետո, որը փաստացի հետաձգում է ԱՄՆ-ի հնարավոր տեխնիկական դեֆոլտը, կոնգրեսը պետք է համաձայնեցնի պետբյուջեի ծախսերի կրճատումը մինչև ապիլի 15-ը: Հակառակ դեպքում, երկիրը կրկին կհայտնվի պետական պարտքի սպասարկման դժվարությունների առջև: