Ալկոհոլի բացակայության հակաժողովրդավարական հետևանքները
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները երեկ հերթական անգամ ցույց են տվել, թե որքան մանկասեր են իրենք` առաջին ընթերցմամբ ընդունելով նոր օրենք, որով արգելվում է լրատվամիջոցներում անթաքույց հայհոյանք պարունակող բառեր և արտահայտություններ օգտագործել: Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 390 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն: Օրենքով նախատեսվում է, որ դրա պահանջները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 100 դոլարին համարժեք ռուբլու չափով, պաշտոնատար անձինք՝ 700 դոլարին, իսկ իրավաբանական անձինք՝ 7000 դոլարին համարժեք ռուբլու չափով:
Այս օրինագծին դեմ էին արտահայտվում լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ լրատվամիջոցներն իրենք պետք է հետևեն իրենց կողմից լույս ընծայվող նյութերին, և օրենսդրական մակարդակով գրաքննության ամրագրումը ևս մեկ քայլ է դեպի վերադարձ խորհրդային ժամանակներին, երբ ազատ խոսք կարելի էր կարդալ միայն անօրինական ինքնահրատ` «սամիզդատ» մամուլում: Հիմա այդ դերը կարող է կատարել ինտերնետը և տարբեր սոցիալական ցանցերը, որտեղ ռուսական իշխանությունները ոչ մի օրենքով չեն կարող վերահսկողություն հաստատել:
Պետդումայի պատգամավորները նման օրենքի ընդունումը բացատրում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ`նրանց առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող ինֆորմացիայից զերծ պահելու մղումով:
Ռուսական լրատվամիջոցները, սակայն, հիշեցնում են, որ եթե պատգամավորներն իսկապես այդքան շատ են մտածում երեխաների մասին, ապա ավելի ճիշտ կվարվեն, որ օրենքներ ընդունեն ծնողազուրկ երեխաների սոցիալական պաշտպանության մասին, որպեսզի նրանք իրենց փրկությունը չտեսնեն օտարերկրացի որդեգիրների մեջ:
Ռուս պատգամավորներին կարելի է հասկանալ և ցավակցել. հունվարի 1-ից Ռուսաստանի Պետդումայում արգելվել է ալկոհոլային խմիչքների վաճառքը՝ այն պատճառաբանությամբ, որ պատգամավորները խմում են և նիստերի ժամանակ քնում են: Ի դեպ, այդ արգելքի նախաձեռնողները ռուս լրագրողներն էին, ովքեր պատգամավորներին նկարահանում և ցույց էին տալիս խմած և քնած վիճակում:
Ահա և չքնելու արդյունքները. պատգամավորներն արթուն են մնացել և որոշել են զբաղվել լրատվամիջոցների աշխատանքը կանոնակարգելով:
Ռուսաստանում տեղի ունեցած այս փոփոխություններն այսքան մանրամասն և հանգամանալից ներկայացնում ենք այն պատճառով, որովհետև Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Հայաստանը շարունակելու է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ ռուս խորհրդարանականների գործունեությունն ու ընդունած որոշումները շատ դեպքերում անմիջական ազդեցություն են ունենում նաև Հայաստանի վրա: