Արամ Հարությունյանը հունվարի 21-ին տանից դուրս է գալու…
ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ հունվարի 21-ին, ժամը 14:00-ին հանդիպում է ունենալու Վերին Արտաշատ գյուղի բնակիչների հետ: Այս մասին 168.am-ին հայտնեց նախագահի թեկնածուի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ին փոխանցեց, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվելու է հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Երևանում՝ Արամ Խաչատրանի արձանի մոտ նախատեսված միջոցառմամբ:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ եք անելու նախընտրական քարոզարշավի առաջին օրը, ասաց. «Տնից դուրս եմ գալու, դա արդեն քարոզարշավ է»:
Արամ Հարությունյանի խոսքով՝ ինքն այդ օրը ընտրողների հետ հանդիպում չի նախատեսել, և կսահմանափակվի Հանրային հեռուստաընկերության 2 րոպեանոց անվճար ելույթով:
ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը 168.am-ին ասաց, որ հունվարի 21-ին հանդես է գալու հայտարարությամբ, որով կհստակեցվեն նաև քարոզարշավի հետ կապված հարցերը:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ պատրաստվում է քարոզարշավի մեկնարկը նշանավորել հացադուլով: Նա ԿԸՀ-ից պահանջում էր անվավեր ճանաչել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան գրանցումը: ԿԸՀ-ն, սակայն, երեկվա նիստում մերժել է Անդրիաս Ղուկասյանի դիմումը, ուստի նա որոշել է հացադուլ անել: