
Պարույր Հայրիկյանն ունի անշարժ և շարժական գույք, բայց ոչ` թանկարժեք

ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին թեկնածու գրանցված «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն ունի անշարժ և շարժական գույք, եկամուտներ, դրամական միջոցներ, բաժնետոմս, սակայն չունի թանկարժեք գույք:
Այս մասին է վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված նրա` 2012թ.-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ.-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Այսպես` թեկնածուն որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ հողամաս Կոտայքի մարզում, մեկական կիսակառույց շինություն և հողամաս Երևանում և Կոտայքի մարզում, շինություն և հողամաս Գեղարքունիքի մարզում: Նա առաջին երեքի միակ սեփականատերն է, իսկ վերջինը համատեղ սեփականություն է:
Պ.Հայրիկյանը նաև հայտարարագրել է 2003թ.-ի արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի ավտոմեքենա:
Թեկնածուի եկամուտները գոյացել են ԱՄՆ-ի երեք տարբեր բանկերից ստացած ընդհանուր առմամբ 50 հազար ԱՄՆ դոլարի փոխառությունից, նաև 360 հազար դրամ կենսաթոշակից:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 20 հազար 198,32 ԱՄՆ դոլար և 120 հազար դրամ են:
Պ.Հայրիկյանը հայտարարագրել է նաև MGM ընկերության 300 բաժնետոմս:
Այսպիսով` այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված են Նախագահի 5 թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Հայտարարագրերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 19-ն է: