
Հնդիկն ու վագրը 458 մլն դոլար են հավաքել

Անցյալ հանգստյան օրերին ամբողջ աշխարհի կինոթատրոններում ամենաշատ դիտված ժապավենը Էնգ Լիի «Պիի կյանքը» արկածային դրաման է, որը պատմում է այն մասին, թե ինչպես է օվկիանոսի մեջտեղում հնդիկ երիտասարդը բենգալյան վագրի հետ միասին մենակ հայտնվում նավակի մեջ: 11 Օսկարի ներկայացված այս ֆիլմը, դարձել է դրամարկղային հիթ՝ 3 օրվա ընթացքում աշխարհի 9241 կինոթատրոններով հավաքելով 35 մլն դոլար: Ֆիլմի ընդհանուր հասույթն այս պահին կազմում է 458 մլն դոլար, իսկ բյուջեն ընդամենը 120 մլն դոլար է:
ԱՄՆ կինոթատրոններում գերիշխում է Քեթրրին Բիգելոուի «Նպատակ թիվ մեկ» դրաման, որը պատմում է Օսամա Բեն Լադենի ոչնչացման մասին: Հանգստյան օրերին ֆիլմի հասույթը կազմել է մոտ 25 մլն դոլար (ամբողջ աշխարհում ընդհանուր հասույթը՝ 41 մլն դոլար):
Ամերիկյան վարձույթում Բիգելոուի ֆիլմին հետևում են՝ «Պարանորմալ երևույթներով տուն» սարսափ-կատակերգությունը՝ 18 մլն դոլարով, «Գանգստերների որս» մաֆիոզ դրաման՝ 17 մլն դոլարով, Քվենտին Տարանտինոյի «Ջանգո ազատագրված» վեստեռնը՝ 11 մլն դոլարով և Թոմ Հուպերի «Թշվառները» մյուզիքլը՝ 9 մլն դոլար հասույթով:
Ի դեպ, «Ջանգո ազատագրված»-ը դարձել է Տարանտինոյի՝ բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ժապավենը. 5 Օսկարի ներկայացված այս ֆիլմը, նոր հայտնվելով համաշխարհային էկրաններին, արդեն հասցրել է հավաքել 130 մլն դոլար: