
Սերժ Սարգսյանն առաջինը կհանդիպի ավանցիների հետ

«Հունվարի 21-ին, երեկոյան ժամը 17:00-ին կլինի մեծ հանդիպում, հավաք Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված կառավարության շենքի ֆոյեում: Դա կլինի նախընտրական արշավի սկիզբը և նախընտրական երգի պրեզենտացիան»,- ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի առաջին օրվա օրակարգի մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, թե նույն օրը ժամը 18:00-ին ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը Ավան վարչական շրջանում հանդիպելու է նաև բնակիչների հետ:
Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվում է հունվարի 21-ին և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ՝ փետրվարի 16-ին:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հենց Ավան վարչական շրջանից քարոզարշավի մեկնարկը՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ կատակելով, թե որոշել են քարոզարշավը սկսել թիվ 1 ընտրատարածքից:
Մարզային առաջին այցելությունները, ըստ Էդուարդ Շարմազանովի, լինելու են հունվարի 22-ին: ՀՀԿ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ օրն այցելելու է Վայոց Ձոր և Սյունիք: