Նախընտրական քարոզարշավի մեկնարկը` խորովածով
ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախընտրական քարոզարշավի առաջին օրը պատրաստվում է նշանավորել ընտանիքի անդամների հետ խորոված ուտելով: Այս մասին 168.am-ին ասաց անձամբ նախագահի թեկնածուն:
Բացի խորովածից` Վարդան Սեդրակյանը հունվարի 21-ին մտադիր է նաև շփվել լրագրողների հետ և ելույթ ունենալ եթերով:
«Առավոտյան ասուլիս եմ հրավիրել, հետո կգնամ տուն, խորոված կանեմ՝ ընտանիքիս հետ կվայելեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյան: Նախագահի թեկնածուից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ընտրողների հետ նման հաճելի ժամանակ չի անցկացնում:
«Չէ, ընտրողները մեղք չե՞ն»,- հայտարարեց Վարդան Սեդրակյանը՝ չմանրամասնելով, թե նախընտրական քարոզչության առաջին օրն ինչո՞ւ պիտի իր ընտրողների համար տհաճ լինի միասին խորոված վայելելը:
Վարդան Սեդրակյանը տեղեկացրեց նաև, որ հունվարի 21-ին պատրաստվում է օգտվել անվճար եթերաժամի իր իրավունքից, ինչը նշանակում է, որ այդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ քաղաքացիները երկու րոպեով կարող են տեսնել և լսել Վարդան Սեդրակյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հունվարի 21-ին և ավարտվում փետրվարի 16-ին: