Էդուարդ Շարմազանովը «Սասնա ծռեր» էպոսը բռնած կգնա՞ էպոսագետի տուն

«Աշխարհի բոլոր կրոնները մերժում են կնոջ գործունեությունը կրոնական համակարգում: Դա ոչ թե գենդերային խտրականություն է, ուղղակի քանի որ կանայք էմոցիոնալ էակներ են ու շուտ բռնկվող, ուրեմն չեն համապատասխանում կրոնական ու էզոթերիկայի ոլորտի չափանիշներին: Կանայք, երբ մտնում են կրոնական միստիկայի ոլորտ, որպես կանոն, վերածվում են վհուկների»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք արդյոք, որ հայ կանանց մեծ մասն Ձեզ ձայնը չի տա խտրական վերաբերմունքի համար, Վարդան Սեդրակյանը պատասխանել է, որ ոչ մի մտավախություն չունի, որովհետև վստահ է, որ հայ կանայք գիտեն իրենց տեղը, դա իրենց ընտանիքն է՝ ամուսնու ու երեխաների կողքին:

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն համոզմանը, որ ՀՀԿ թեկնածուն ֆավորիտ է, և մնացած թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար, Վարդան Սեդրակյանը նշել է, որ երբ ինքը հաղթի ընտրություններում, ապա խոստանում է, որ առաջիններից մեկը, ով «Սասնա ծռեր» էպոսը բռնած գնալու է իրենց տուն, դա հենց Էդուարդ Շարմազանովն է լինելու:

«Չնայած ինքը ազգությամբ հույն է, ու հնարավոր է՝ ծանոթ է հունական դիցաբանությանը, բայց ինքը «Սասնա ծռեր» էպոսն էլ լավ գիտի: Ինքը խնդիր չունի՝ վաղը կգան կոմունիստներ, ինքը կոմունիստ կդառնա: Սերժ Սարգսյանն էլ կոմունիստ էր, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ՀՀՇ վարչության անդամ էր, հետո դարձավ Հանրապետական: Եվ ես երբ կդառնամ նախագահ, բոլորը «Սասնա ծռեր» էպոսը պետք է ունենան իրենց գրասենյակներում, ես թույլ չեմ տա, որ նրանք իմ նկարը կախեն պատերից»,- ասել է նախագահի թեկնածուն:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի՝ իր հասցեին հնչեցված այն մեկնաբանությանը, թե Վարդան Սեդրակյանի կողմից քաղաքական հարցերում Աստծո անունը մեջբերելը ցինիկություն է, նա այսպես է արձագանքել. «Ես իմ կարծիքը փոխեցի Արման Սահակյանի վերաբերյալ: Խորհուրդ կտայի Արման Սահակյանին զբաղվել ֆուտբոլով և ԱԺ ընտրություններով: Այ երբ որ ես կդառնամ նախագահ և կլինեն արդար ընտրություններ, այդ ժամանակ կտեսնենք՝ Արման Սահակյանը որևէ տեղ, նույնիսկ գյուղի գյուղապետ կընտրվի՞, թե՞ ոչ: Եվ անկախ ամեն ինչից, թեկուզ մտքում թող հիշի, որ վերևում Աստված կա, ու խոսելուց առաջ թող փորձի մտածել»:

Տեսանյութեր

Լրահոս