Ինչո՞ւ է լռում Ծառուկյանը

Երբ 2012 թվականի դեկտեմբերի 12-ի ԲՀԿ-ն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում նախագահական ընտրություններում, կուսակցությունն էլ որևէ այլ թեկնածուի չի հավատում, ակնհայտ էր, որ ժամանակին իշխանության կողմից ստեղծված այդ ուժն իրականում աշխատելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Իհարկե, ԲՀԿ մամլո անխոնջ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ամեն օր արթնանալիս լրատվամիջոցներից որևէ մեկին ասում է, թե կուսակցության դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, ու բազմահազար կուսակցականները՝ մեկ մարդու նման, կհետևեն Գագիկ Ծառուկյանի ցանկացած որոշմանը: Միևնույն ժամանակ, ամեն օր նոր տեղեկություններ են տարածվում այս կամ այն կարկառուն ԲՀԿ-ականի կողմից Ս. Սարգսյանին բացահայտ կամ քողարկված աջակցություն հայտնելու մասին:

Օրինակ, այսօր Գյումրիի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի մամլո քարտուղարը Tert.am-ին հայտնել է, թե Բալասանյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, որով կներկայացնի, թե ինչ դիրքորոշում է ունենալու նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին սատարելու հարցում: Միաժամանակ նախկին ՕԵԿ-ական Բալասանյանի մամլո քարտուղարը հարկ է համարել ընդգծել. «Ուղղակի ես ավելացնեմ, որ Գյումրի քաղաքի համար գործող նախագահը՝ պարոն Սերժ Սարգսյանը, սկսած 2008 թվականից՝ ունի հսկայական աշխատանք. հազարավոր բնակարաններ են շահագործման հանձնվել և տրվել անօթևաններին: Բացի այդ, անցած նախագահական ընտրություններում պարոն Բալասանյանը պաշտպանում էր Սերժ Սարգսյանին՝ հիմք ընդունելով այն ծրագրերը, որոնք այն ժամանակ ներկայացված էին և որոնք որ այսօր իրականություն են դարձել: Բայց պաշտոնական հայտարարություն կանի պարոն Բալասանյանը»: Ակնհայտ է, որ այս հայտարարությունից հետո հազիվ թե Բալասանյանը հանդես գա էպոսագետ թեկնածուի օգտին:

Մամլո քարտուղարի միջոցով նա այս հայտարարությունը փոխանցել է հող նախապատրաստելու և անձամբ իր կողմից Ս. Սարգսյանին նվիրվածության մասին հայտարարության պահին ավելի պակաս քարկոծվելու համար: Բնական է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել. Բալասանյանը, ինչպես հայտնի է, քաղաքապետ է դարձել անձամբ Ս. Սարգսյանի առաջարկությամբ և ՀՀԿ-ի սատարմամբ: Այսինքն` մարդկայնորեն Բալասանյանն այս ընտրություններում վերադարձնելու է իր պարտքը Սերժ Սարգսյանին: Մարդկային հարթությունում Բալասանյանի այդ քայլը գուցե նույնիսկ գովեստի է արժանի, սակայն քաղաքական հարթությունում դա բացահայտում է «այլընտրանքային» ԲՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի կապի մեխանիկան: Ու Բալասանյանն այս հարցում ամենևին միայնակ չէ: Հանրապետության համայնքների ղեկավարների մեծամասնությունը նույն դիրքորոշումն ունի:

Ինչպես, օրինակ, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ով 168.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «Իմ անելիքը (նախագահական ընտրություններում.- 168.am) երկակի իմաստ ունի. նախ` որպես կուսակցական, պետք է հաշվի առնեմ կուսակցական որոշումները, և երկրորդ`որպես իշխանություն, պարզ է, որ ես կցանկանայի, որ ընտրությունը լիներ բարձր մակարդակով, պահանջվող սահմաններում: Ես, իհարկե, հակված եմ, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ, և նախագահը վերընտրվի: Որպես քաղաքապետ` ուզում եմ, որ մեր հանրապետության նախագահը վերընտրվի»: Նույնաբովանդակ հայտարարություններ տարբեր լրատվամիջոցներում արել են նաև ԲՀԿ-ի մի շարք այլ տարածքային կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր միաժամանակ ՏԻՄ-երի ղեկավարներ են: Բոլոր այդ կուսակցականների «հավաքական մոտեցումը», թերևս, ամենաբնորոշն արտահայտել է նույն Աղասի Հակոբջանյանը: Պատասխանելով մեր թղթակցի հարցին՝ արդյո՞ք որոշակի պարտավորություն չի զգում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին կամ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցում, Աղասի Հակոբջանյանն ասել է. «Ոչ, ես ոչ մեկի հանդեպ չունեմ պարտքի զգացում՝ բացի իմ պետության առջև: Ինչի՞ պիտի Հրանտ Բագրատյանի հանդեպ ունենամ` կարո՞ղ է, ինքն է ինձ նշանակել, որ ես պարտքի զգացում ունենամ»: Այս խոսքերի հեղինակը տեղական ինքնակառավարման մարմնի` Սիսիանի քաղաքապետն է, ով ընտրվել է քաղաքի բնակիչների կողմից: Սակայն նա ասում է` «կարո՞ղ է, ինքն է ինձ նշանակել»: Այսինքն` մարդը խոստովանում է, որ ինքը ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է, ու առաջիկա ընտրություններում էլ ինքը սատարելու է նշանակողին` Սերժ Սարգսյանին: Վստահաբար կարելի է պնդել. նման մտածողություն ու մոտեցում ունի ոչ միայն ԲՀԿ-ական, այլ նաև ՀՀԿ-ական համայնքապետերի ու քաղաքապետերի մեծամասնությունը: Նրանք ամենալավատեղյակն են ընտրական գործընթացից և հրաշալի գիտեն, որ Հայաստանում որևէ պաշտոնում ոչ թե ընտրվում, այլ նշանակվում են նախագահի կողմից, ում էլ պարտական են դրա համար:
Այնպես որ, առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կավելանան Ս. Սարգսյանին սատարելու մասին՝ ԲՀԿ-ական պաշտոնյաների հայտարարությունները: Բազմափորձ Գալուստ Սահակյանը հո հենց այնպե՞ս չէր հայտարարում, որ ընտրություններում ԲՀԿ-ականների մեծ մասը պաշտպանելու է Ս. Սարգսյանին:

Ի դեպ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի չեզոքությունն ու լռությունը վկայում է, որ նա առնվազն դեմ չէ սեփական կուսակից պաշտոնյաների կողմից Սերժ Սարգսյանին սատարելու քայլերին: Այլապես նա՝ որպես կուսակցության ղեկավար, կամ նկատողություն կհայտարարեր այդ պաշտոնյաների հասցեին, կամ նրանց կհեռացներ ԲՀԿ-ից` կուսակցական գծից շեղվելու համար: Իսկ եթե նման բան չի անում, նշանակում է, որ ԲՀԿ-ական պաշտոնյաներն իրականում հենց կուսակցական «գծի մեջ» են: Պարզապես դրա մասին չի հայտարարվում: Հնարավոր է, իհարկե, մեկ այլ տարբերակ ևս. Ծառուկյանն իրականում դեմ է սեփական կուսակցական պաշտոնյաների այդ վարքագծին, սակայն չի կարողանում ընդդիմանալ նրանց, որպեսզի սեփական կուսակցությունում չհայտնվի փոքրամասնության կարգավիճակում` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Տեսանյութեր

Լրահոս