Բաժիններ՝

Դեդ Հասանի սպանությունը կարող է փոխել իրավիճակը հանցավոր աշխարհում. New York Times

Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանությունը դարձավ ոչ  միայն հետխորհրդային երկրների լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկը, այլև հետաքրքրել է նույնիսկ համաշխարհային մամուլին:

Մասնավորապես «օրենքով գող» Ասլան Ուսոյանի սպանությանն է անդրադարձել «New York Times»-ը: Թերթը գրում է, թե հանցավոր աշխարհի հեղինակության` «Հասան Պապիկի» մասին (այդպես է հեղինակը բառացի թարգմանել նրա մականունը) շատ քիչ բան է հայտնի, բացառությամբ նրա, որ ինչ-որ մեկն իսկապես ուզում էր սպանել նրան:

Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ մարդասպանները դեռևս երկու տարի առաջ էին հարձակում կատարել Ասլան Ուսոյանի վրա` վերջինիս որդու տնից դուրս գալու ժամանակ, սակայն նրանց հաջողվել էր միայն վիրավորել Դեդ Հասանին: «Չորեքշաբթի օրը Մոսկվայի արվարձանային փողոցներից մեկում ավելի հարմար տեղավորված նշանառուն գտավ իր թիրախին: Պարոն Ուսոյանը, ով ողջ էր մնացել նաև 1998-ի մահափորձից հետո, 75 տարեկան էր»,- գրում է «New York Times»-ը:  Այս կապակցությամբ թերթը զրուցել է Նյու Յորքի համալսարանի կրիմինալիստ Մարկ Գալեոտտիի հետ, ում խոսքերով` Ռուսաստանի հանցավոր աշխարհում չկար ավելի հզոր մարդ, քան Հասանը: Քրեագետը հիշեցնում է նաև այն մասին, որ 2000 թ.` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության գալու պահին, 1990-ականների կրիմինալ պատերազմը Ռուսաստանում արդեն ավարտվել էր, սակայն այդ պատերազմից մնաց հանցավոր աշխարհում ձևավորված հիերարխիան և ազդեցության ոլորտների բաժանումը քրեական հեղինակությունների միջև:

«Եվ պարոն Պուտինը եկավ, հայտարարեց. «իմացած լինեք, որ բացահայտ բանդիտիզմը փողոցներում, որը կարող է խաթարել պետության հեղինակությունը, խստորեն կպատժվի», չնայած որ նա ձեռք չտվեց հանցավոր հիերարխիային»,- մեջբերում է թերթը Գալեոտտիի խոսքերը: Սակայն, ըստ դոկտոր Գալեոտտիի, Ուսոյանի սպանությունը կարող է փոխել իրավիճակը` մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ  2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կապակցությամբ շինարարական շահավետ պայմանագրերը և Աֆղանստանից  հերոինի ներկրումը կարող են նոր օբյեկներ դառնալ կազմակերպված հանցախմբերի համար: Նյույորքյան թերթը նշում է նաև իրավապահ մարմինների այն ենթադրության մասին, որ Հասանը կարող էր վեճ ունենալ իր նախկին գործընկերոջ հետ, ով այժմ իր պատիժն է կրում Իպանիայում` փողերի լվացման համար:

«Ինչ էլ լինի պատճառը, պատմությունը ցույց է տալիս, իրավապահները հազիվ թե ակնկալեն ռուսական կառավարության օգնությունը` բացահայտելու պարոն Ուսոյանի մարդասպանի առեղծվածը: Ըստ WikiLeaks-ում հրապարակված գրություններից մեկի՝ 2009-ին և 2010-ին ամերիկացի դիվանագետները, որոնք հանդիպումներ են ունեցել իսպանացի իրավապահների հետ, լսել են, որ Ռուսաստանի կառավարությունն, ավելի հաճախ համագործակցում է կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ, քան դատի է տալիս նրանց:

Փոխարենը, ըստ իրավապահի, գանգստերներն անում են այն ամենը,ինչն իշխանությունը, որպես կառավարություն, չի կարողանում անել օրենքի սահմաններում, օրինակ օտար երկրներում իրականացնում են ՌԴ քաղաքացիների պատվերով սպանություններ»,- նշում է «New York Times»-ը:

Նշենք, որ Դեդ Հասանի սպանության մասին է գրել նաև մեկ այլ հեղինակավոր պարբերական` անգլիական «The Financial Times»-ը: Վերջինիս հեղինակն էլ ենթադրում է, որ այդ սպանությունը կարող է վերջ դնել Ուսոյանի և «դուրսպրծուկ մաֆիայի» պարագլուխ Տարիել Օնիանիի հակամարտության, սակայն կարող է նաև պատճառ դառնալ ավելի մեծ հակամարտության բռնկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս