Բաժիններ՝

Եզդի ուսանողը գրում է Հայոց ցեղասպանության և հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի ուսանող, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանը (գրական անունը՝ Սաշա Արևորդի) գրում է Հայոց ցեղասպանության և հայ-ադրբեջանական հակամարտության մասին: 168.am-ի հետ զրույցում Սաշիկ Սուլթանյանն ասաց, որ իր աշխատանքներին ընթերցասեր հասարակության որոշ հատված արդեն իսկ ծանոթ է:

«Գրել սկսել եմ 8 տարեկանից: Սկզբում թեման հայրենասիրությունն էր, հայրենիքի կարևորությունը, Հայաստան աշխարհը, նրա պատմությունը: Այն ժամանակ դեռ ազգիս պատմությունը չգիտեի, չգիտեի՝ ի՞նչ ճանապարհ են անցել նախնիներս: Բոլորի նման հաճախում էի հայկական դպրոց: Հետո  դադարի ժամանակաշրջան եղավ, որն ազդեց նաև հետագա թեմաների ընտրության վրա»,- ասաց Սաշա Արևորդին՝ հավելելով, որ, թեև իր ստեղծագործական լեզուն հայերենն է, սակայն հույս ունի, որ մի օր կկարողանա ստեղծագործել նաև եզդիերեն:

«Եզդիերեն գրելու համար, ցավոք, բառապաշարս չի բավարարում, թեև հաճախ փորձեր լինում են: Աչքաթող չեմ արել նաև մյուս հայրենիքս ՝ Հայաստանը: Հայոց եղեռնի մասին շարք ունեմ, որը տպագրվել է և բավականին բարձր է գնահատվել: Հիմա էլ գրում եմ վեպ հայ-ադրբեջանական հարաբերությունների ծանր հետևանքների մասին: Բավականին ուսումնասիրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունները: Զրույցներ եմ ունեցել նաև ադրբեջանցիների հետ: Նպատակս Ադրբեջանին խարազանելը, Հայաստանին բարձրացնելը կամ հակառակը չէ, ուզում եմ այդ ամենի թոհուբոհում ցույց տալ մարդուն՝ որպես անմեղ քաղաքացի, դատապարտել բոլոր տեսակի ռազմական բախումները»,- ասաց Սաշա Արևորդին:

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ ընթերցողները չեն ընդունի ազգությամբ եզդի գրողի կողմից հայ-ադրբեջականական հարաբերությունների կամ Եղեռնի մասին նկատառումները, նա պատասխանեց. «Այդ հարցն է պատճառը, որ աշխատանքս դեռ չի տպագրվել: Բայց անպայման լույս կտեսնի՝ անկախ ամեն ինչից: Ամենայն հավանականությամբ, կթարգմանեմ նաև ռուսերեն: Գուցե Ադրբեջանում էլ ընթերցվի, ու ինչ-որ բան կարողանամ փոխել մարդկանց մտածելակերպի մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս