Հայկական «հրաշք». ընտրողների թիվն ավելացել է
ՀՀ Ոստիկանությունն այսօր հայտարարել է, որ այսօրվա դրությամբ՝ քվեարկության օրվանից 30 օր առաջ, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2 507 960։
«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ` 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը: Այսպես, քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.507.960, որից՝
– այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 12.
– Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1.
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0.
– ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0»,- նշված է Ոստիկանության կայքում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների պաշտոնական թիվը 2 485 հազար էր։ Այսինքն, ընտրողների թիվը Հայաստանում ավելացել է 23 հազարով։
Փաստորեն, նախորդ տարիների ավանդույթը շարունակվում է. արտագաղթի տեմպերն աճում են, բնական աճը շարունակում է թույլ մնալ, սակայն Հայաստանում հայտնվում են հազարավոր նոր ընտրողներ։
Անհասկանալին, սակայն, այն է, թե իշխանությունների ինչի՞ն է պետք ուռճացնել ընտրացուցակները, եթե գործող նախագահը (իրենց իսկ խոսքերով) լուրջ մրցակիցներ չունի։ Ըստ երևույթին, կամ իրականում վստահ չեն իրենց անպարտելիության հարցում, կամ էլ ցանկանում են գերտպավորիչ հաղթանակ արձանագրել՝ իշխանական թեկնածուին տրված ձայների աննախադեպ քանակով։