
Արամ Մանուկյանը՝ իրական ու քամի թափահարող ընդդիմության մասին

«Կա մի հատ իրական ընդդիմություն եւ մի հատ քամի թափահարողներ»,- երեկ ՀՀ գլխավոր դատախազության մոտ անցկացված ՀԱԿ ակցիայի ժամանակ, ըստ aravot.am-ի՝ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեն կամ ընդդիմադիր են ուզում լինել: Դատախազության մոտ ակցիա անում ենք շաբաթը մեկ ժամ, ուրբաթ օրը ժամը 2-3-ը: Շաբաթվա մնացած օրերը եւ ուրբաթ օրվա 23 ժամը ազատ են , բոլոր նրանք, որոնք ուզում են առանց մեզ քաղբանտարկյալների պաշտպանության ակցիա անել, բաց է օրը 24 ժամ:
Բոլոր այն ընդդիմադիրները, որոնք ՀԱԿ-ի վրա են աղ լցնում՝ մոռանալով, որ ընդդիմադիրը միայն իշխանության հետ գործ ունի, որոնք միայն մեզ են քննադատում, հայտարարում եմ օպերան 6 ամիս է ազատ է, օրը 24 ժամ, հավաքվեք, ինչ միջոցառում ուզում եք արեք, մենք էլ կգանք, կմասնակցենք ցանկացած միջոցառման, որը իշխանափոխությանն է ուղղված, որը ընդդիմության եւ ժողովրդի շահերն է պաշտպանում»,-շարունակել է Մանուկյանը:
Այնուհետև՝ դիմելով իշխանությանը, Ա. Մանուկյանն ասել է. «Ուզո՞ւմ ես ընդդիմություն չլինի, ՀԱԿ չլինի, ոչ թե փորձիր նրանցից մեկին պոկել , այլ լուծիր այն խնդիրները, որոնք պատճառ են դառնում ՀԱԿ-ի հավաքների, հոդվածների: Այդ խնդիրներն են՝ կոռուպցիա, այլանդակություն իրավապահ, դատական համակարգերում, հազար ու մի պրոբլեմ, որոնք ժողովրդին կատաղեցնում են»: