
Ռոբերտ Քոչարյանի գնահատականներն օբյեկտիվ են. ՀՅԴ ներկայացուցիչ

«Տնտեսական քաղաքականության հետ կապված այն գնահատականները, որոնք տրվել են, նոր գնահատականներ չեն, նախկինում դրանից մասին ևս հնչեցվել է: Այդ գնահատականներն օբյեկտիվ իրականություն են, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ժխտել այդ գնահատականների իսկությունը»,- 168.am-ին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
Արսեն Համբարձումյանի խոսքով, այդ հարցազրույցը բովանդակությամբ շատ սեղմ, բայց հարուստ հարցազրույց էր՝ բազմաթիվ մեսիջներով: Խոսելով հարցազրույցում տեղ գտած «պայքար երկու ղարաբաղցիների միջև» արտահայտության մասին՝ Արսեն Համբարձումյանն ասաց, որ իր համար անընդունելի են նման տարանջատումները՝ անկախ նրանից, թե ով և ինչ մտադրությամբ է դա անում:
Ինչ վերաբերում է երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած գնահատականներին, ապա դա, ըստ Արսեն Համբարձումյանի, Ռոբերտ Քոչարյանի իրավունք է: